Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության (ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեեւին:

Հանդիպման սկզբում Նիկոլայ Կոզիկը ՀՀ նահագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին եւ նրա անցած ծառայողական ուղին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեեւին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցային հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները, Հանրապետության նախագահն այդ հարաբերություններում մեծապես կարեւորել է երկու երկրների սահմանապահ զորքերի միջեւ սերտ փոխգործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի եւ հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին: