Շվեդիայի եւ Ֆինլանդիայի սահմանին՝ ֆիննական Տորնիո քաղաքում, միգրանտների գրանցման-ընդունման կենտրոն են բացել:
Ֆինլանդիայում նման կենտրոն առաջին անգամ է բացվում: Երկրի միգրացիոն ծառայության գլխավոր տնօրեն Յաանա Վուորիոն պարզաբանել է, որ մարդիկ այստեղ կարող են մնալ մինչեւ 7 օր, այնուհետեւ շարունակել ճանապարհը՝ հասնելով ընդունող այլ կետեր:
Նա նաեւ հավելել է, որ եթե պարզվի, որ փախստականը ժամանել է անվտանգ երկրից, ասենք՝ Ալբանիայից, նրան անհապաղ կարտաքսեն:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս տարեսկզբից Ֆինլանդիա արդեն 12 հազար միգրանտ է ժամանել:
Հելսինկիում, ինչպես նաեւ Ֆինլանդիայի հյուսիսային քաղաքներում անցյալ շաբաթ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել փախստականների ընդունման շուրջ կառավարության քաղաքականության դեմ:




























