Եվրամիության անդամ-պետությունների ՆԳ նախարարները սեպտեմբերի 22-ին ձայների մեծամասնությամբ որոշում են ընդունել Միության տարածքում 120 հազար միգրանտների տեղաբաշխման մասին: Այս մասին հաղորդել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ Եվրոպա փախստականների մուտքը կանխելու համար: Մեյը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա տարիների ընթացքում մի քանի հազար փախստականի ընդունել, բայց չի մասնակցելու քվոտայով փախստականների տեղաբաշխման ծրագրին:
Հարկադրական քվոտաների համակարգի դեմ էին հանդես եկել Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի եւ Ռումինիայի նախարարները, Ֆինլանդիայի ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել:
Սակայն, չնայած Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի պայմանավորվածություններին, Լեհաստանի ներկայացուցիչը երեքշաբթի կայացած քվեարկության ժամանակ «կողմ» է արտահայտվել:




























