Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի կարծիքով՝ հացահատիկի ներկրման ոլորտում տիրում է «ազնիվ մրցակցություն», իսկ հացի եւ ալյուրի թանկացումը բացառապես օբյեկտիվ գործոններով է պայմանավորված։ Գյուղնախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ասուլիսին ներկայանալուց առաջ, ինքը հանդիպել է պարենային ցորեն ներկրող 8 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ հացահատիկ ներկրողները հավաստիացրել են, որ առաջիկայում հացի գնի «էական» բարձրացումներ չեն լինելու։ Չգիտես ինչու, այդ հավաստիացումներից գյուղնախարարը ոգեւորվել էր, առանց ուշադրություն դարձնելու, որ ցորենը միջազգային շուկայում էժանանում է, եւ Հայաստանում ոչ միայն թանկացումներ չպետք է լինեն, այլեւ պետք է սկսի էժանացման փուլը։

Գյուղնախարարի տվյալներով՝ հացի գնի մեջ ցորենի արժեքը 70-80 տոկոս է, հետեւաբար՝ ցորենի թանկացումը ուղղակիորեն պետք է բերի հացի թանկացման։ Սակայն նախարարի այս տեղեկությունը միանշանակ հավաստի համարել չի կարելի։ Այլ տեղեկություններով՝ հացի գնի մեջ ցորենի կշիռն ընդամենը 30 տոկոս է, ու որքան հացը բարձրորակ է, այնքան ցորենի կշիռը ինքնարժեքում փոքր է։ Սա էլ հենց հնարավորություն է տալիս խուսափել հացի թանկացումից, ինչպես որ կարողացան անել եվրոպական շատ երկրներում, իսկ Հայաստանում հացի թանկացումից ձեռնպահ մնաց միայն «Սթարի» հացաթխման արտադրությունը։

Բացի ցորենի արժեքից՝ հացի գնի վրա, ըստ գյուղնախարարի, ազդում է նաեւ գազի եւ տրանսպորտի գինը։ «Եթե ցորենի, գազի, տրանսպորտի գինը բարձրացել է, ինչպե՞ս կարող է հացի գինը չբարձրանալ։ Հացը ցորենն է, գազն է, արտադրության ինքնարժեքն է»,- նշեց Գ. Ալավերդյանը, փորձելով այդկերպ պաշտպանել հացարտադրողներին եւ ցորեն ներկրողներին։

Պարզվեց նաեւ, որ մեր հանրապետությունում հացի եւ ալյուրի չափազանց բարձր գների համար պատասխանատու է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը թանկացրել է Այրումից Երեւան բեռնափոխադրումների ինքնարժեքը 8 դոլարից մինչեւ 30 դոլար։ Ըստ գյուղնախարարի՝ Ստավրոպոլից Երեւան հասնող ցորենի արժեքի կեսը տրանսպորտային ծախսերն են, որով էլ նա պատճառաբանեց այն հանգամանքը, որ Հայաստան ցորենը մուտք է գործում տոննան 380 դոլարով, այնինչ Չիկագոյի բորսայում կարելի է ձեռք բերել 250-260 դոլարով։ Ավելին՝ պարզվում է ցորեն ներկրողները սկսել են վնասներ կրել։ «Ի պատիվ այդ կազմակերպությունների, չնայած տնտեսագիտական հաշվարկներով վնասներով են աշխատում, քանի որ լուրջ վնասներ ունեն երկաթուղու, նավերի բեռնման հետ կապված, բայց գիտակցում են, թե ինչի հետ գործ ունեն»,- ասաց նախարարը։ Կարծում եմ՝ ցորենի շուկայի խաղորդները կարողացել են մոլորեցնել եւ ապատեղեկացնել նախարարին, քանի որ հազիվ թե աշխարհում ամենաթանկ հաց արտադրողները եւ ամենաթանկ ալյուր վաճառողները վնասով աշխատեն, որքան էլ որ տրանսպորտի ծախսերը բարձր լինեն։

Սամվել Ավագյան