Մեզ մոտ ձեւավորվում է իր վրա հույս դնող սերունդ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի եւ Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքների ներկայացման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական ուսումնասիրության կարեւորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը:
«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաեւ ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաեւ հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները եւ ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական եւ քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են:
Նախարարի խոսքով՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ներկա եւ ապագա զարգացումների ընթացքը: Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ բավական հետաքրքիր է, որ իբրեւ երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիր՝ կոռուպցիան մատնանշվել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում: «Կրթության որակը եւս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարեւորվել՝ ընդամենը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Ինձ համար հետաքրքիր եւ կարեւոր է, որ մեզ մոտ ձեւավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ հույսերը կապվում են միայն պետության հետ: Հետաքրքիր է նաեւ ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող տվյալը. կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից: Փոխարենը քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը:
Մեզ համար մարտահրավեր է, որ բավական ցածր է ուսանողության հասարակական-քաղաքագիտական գիտակցության մակարդակը, որովհետեւ այս դեպքում նրանք ավելի հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների: Մենք թերեւս պետք է հասարակագիտական կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որպեսզի նպաստենք ուսանողների ֆունդամետնալ գիտելիքների կուտակմանը»,- նշել է Ա.Աշոտյանը եւ հավելել, որ արտաքին դրամաշնորհներով իրականցվող բազմաթիվ նախագծերը այդ խնդիրը, փաստորեն, չեն լուծել: Ա. Աշոտյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաեւ, որ ուսանողության մոտ 60 տոկոսը շեշտել է, որ առկա քաղաքական ուժերից որեւէ մեկն այս պահին չի արտահայտում իր քաղաքական զգացողությունները:




























