Առեւտրային բանկերի վարկերի միջին տոկոսադրույքը մեր հանրապետության տարբեր մարզերում բավական տարբերվում է: Օգոստոսին ավելի քան 5 տարի ժամկետով վարկերի ամենացածր տոկոսադրույքը մայրաքաղաքում կազմել է 12.6%, իսկ ամենաբարձր տոկոսն արձանագրվել է Արարատի մարզում՝ 14.9%: Տարբերությունն ավելի մեծ է կարճաժամկետ վարկերի մասով (1 տարուց պակաս ժամկետով): Եթե Երեւանում այդպիսի վարկերի տոկոսադրույքը կազմել է «ընդամենը» 15.1%, ապա Շիրակում այդ ցուցանիշը «ռեկորդային» է եղել՝ 23.8%:
Իհարկե, որեւէ խտրականություն այստեղ չկա: Պարզապես փաստացի տրված վարկատեսակների կառուցվածքը տարբերվում է: Հանուն արդարության նշենք, որ մենք այդ հարցում «միայնակ» չենք: Նույն պատկերն է բազմաթիվ «զարգացող» երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում:
Այդ երկրներում վարկերի բարձր տոկոսադրույքները, ամեն ինչից զատ, «խթանվում» են նաեւ վերաֆինանսավորման ոչ պակաս դրույքաչափերով: Օրինակ՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի առանցքային դրույքաչափը, նույնիսկ ընթացիկ տարում որոշ նվազեցումից հետո, դեռեւս երկնիշ մեծություն է կազմում՝ 11%: Մեզ մոտ նմանատիպ ցուցանիշը գրեթե նույն մակարդակի վրա է՝ 10.25%:
Հաճախ վարկի «թանկությունն» արդարացնում են, այսպես կոչված, «երկար փողերի» ներգրավման հետ կապված խնդիրներով: Այսինքն՝ երկարաժամկետ փոխառություններով, մասնավորապես՝ դեպոզիտով: Այս դեպքում, իհարկե, հաշվի է առնվում նաեւ գնաճը: Ժամանակին այն մեզ մոտ երկնիշ էր, իսկ հիմա, պաշտոնական տվյալներով, հաշված տոկոսներ է կազմում:
Բայց նաեւ այլ բացատրություն կա: Արտասահմանյան, օրինակ՝ Ռուսաստանի փորձագետները կարծում են, որ վարկերի տարեկան բարձր տոկոսադրույքների հիմնական պատճառներից մեկը զգալի շահույթն է, գումարած դրան՝ առեւտրային բանկերի գործողությունների ծախսերը:
Ի դեպ, վերջերս ռուսաստանցի մասնագետներից մեկը հայտարարեց, որ շահույթի այդքան մեծ մասնաբաժին (միջինը 5-6%), որքան Ռուսաստանում է, գոյություն չունի աշխարհի ոչ մի երկրում: Բայց այդ մասնագետը «փոքր-ինչ» սխալվել է: Հայաստանում ազգային արժույթով գործողություններից շահույթն օգոստոսին կազմել է 6.6%:





























