ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարանում, ոըստ որի կրկնակի չափով կկրճատվեն առավել հաճախ հանդիպող եւ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների տուգանքները: Նախագծին միացել են նաեւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը եւ Թեւան Պողոսյանը:
Նախագծի ընդունման հիմնավորումները հիմնականում հանգում են հետեւյալին.
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նվազագույն աշխատավարձի եւ պետական կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, միաժամանակ կանխատեսվել է 4% գնաճ: Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Շեշտակի կրճատվել է արտաքին առեւտուրը, եւ դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում:
Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես եւ դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում մասնավորապես չի նախատեսվել:
Այսպես, օրինակ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝
Ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցն այդ համարանիշերով վարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով:
Երթեւեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10կմ/ժ:
Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որեւէ կերպ չի կարող արդարացվել:
Այստեղ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ թե՛ հանցագործությունների, թե՛ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ դրանց կանխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է:




























