Պեկինի իշխանությունները արտակարգ միջոցներ են ձեռք առնում այն բանից հետո, երբ երկուշաբթի չինական մայրաքաղաքում առաջին անգամ մթնոլորտային ծխի պատճառով վտանգավորության «կարմիր» մակարդակ է հայտարարվել:
Ժամանակավորապես կանգնեցվել է շատ գործարանների եւ ֆաբրիկաների աշխատանքը, մի քանի օրով դադարեցվել են շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը կարգավորում է ճանապարհների վրա մեքենաների քանակը. մեքենաները պիտի սովորականից երկու անգամ քիչ լինեն:
Քաղաքում փակվել են դպրոցները: Սահմանափակումները, ինչպես ակնկալվում է, գործելու են մինչեւ հինգշաբթի, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Պեկինի որոշ շրջաններում օդի աղտոտման մակարդակը մեկ խորանարդ մետրում 265 միկրոգրամ է կազմում, մինչ ԱՀԿ-ն մարդու համար անվտանգ է համարում խորանարդ մետրում 25 միկրոգրամ ցուցանիշը: Ճանապարհներին տեսանելիությունը 100 մետրից ավելի չէ:
Ծխի պատճառ են համարում ածուխով աշխատող ձեռնարկությունների արտանետումները, ինչպես նաեւ Պեկինի բազմաթիվ շինարարությունների շինարարական փոշին:




























