2015թ. մոտենում է ավարտին: Մենք որոշել ենք ֆուտբոլային տարին ամփոփել NEWS.am-ի լրագրող, Vera&football բաժնի հեղինակ, «Ռադիոֆուտբոլ» հաղորդման հեղինակ Վերա Մարտիրոսյանից:

Վերա՛, ինչպիսի՞ն էր 2015-ի ֆուտբոլը:

Եթե խոսենք համաշխարհային ֆուտբոլի մասին, ապա անցնող տարին չի նշանավորվել այնպիսի նշանակալի ու վառ իրադարձություններով, ինչպիսիք են Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները: Միակ բանը, որն արժի նշել, «Բարսելոնայի» վերածնունդն էր:

Ֆուտբոլի խոշոր մասնագետները շտապեցին թաղել «Բարսելոնային»: Նրանք բոլորը միաձայն պնդում էին, որ Չավի-Ինյեստա փայլուն զույգն այլեւս չկա, Մեսին այլեւս առաջվանը չէ, իսկ «տիկի-տակա» ոճը՝ իր դասական տեսքով, այլեւս չի աշխատում:

Այդուհանդերձ «Բարսելոնան» վերադարձավ: Նոր մարզիչ Լուիս Էնրիկեն վերականգնեց թիմի մարտական ոգին եւ կառուցեց նրա խաղը Մեսիի շուրջ: Հիմա արգենտինացին ոչ թե կատարող է, այլ դիրիժոր: Նա նորից աշխարհին ապացուցեց, որ նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ հանճար:
Մյուս ակումբներում նույնպես հետաքրքիր իրավիճակներ եղան: «Ռեալը», ինչպես միշտ հեռացրեց իր մարզչին, որը նախկինում թիմին հաղթանակների էր տարել: Ժոզե Մոուրինյոն իր  կարիերայի ընթացքում առաջին անգամ ճանաչեց ձախողման դառնությունը: Դա վառ օրինակ է, որ ոչ ոք հաջողության երաշխիք չունի եւ ոչ ոք ապահովագրված չէ պարտություններից:

Ինչպես՞ է ստացվել, որ ֆուտբոլային աշխարհը պտտվում է «Բարսելոնայի» եւ «Ռեալի» շուրջ:

Կա իտալական եւ անգլիական ֆուտբոլի երկրպագուների հսկայական բանակ: Սակայն այդ երկու ակումբներն իրոք մրցակցությունից դուրս են: Գրեթե բոլոր ֆուտբոլիստները երազում են խաղալ այդ թիմերում: Այնտեղ կա փող, փառք, մրցանակներ:

Ակումբները տարբեր փիլիսոփայություն ունեն: «Ռեալը» «արքայական ակումբ» է՝ 20-րդ դարի լավագույն ակումբը: Անցյալ տարի Կառլո Անչելոտին թիմին տարավ Չեմպիոնների լիգայի բաղձալի 10-րդ գավաթին: Այս տարին նրան հաջողություններ չբերեց, եւ նրան հեռացրեցին:

«Բարսելոնան» ավելի ավանդապահ է: Իր հերոսներին նա հարգում է մինչեւ վերջ: Ես վերջերս եղա Բարսելոնում: Այդ քաղաքն ապրում է իր ակումբով: Նրանց համար «Բարսելոնան» ավելին է, քան ակումբը: Դա նրանց կիրքն է, նրանց ընդվզումն ընդդեմ Իսպանիայի եւ պատուհան դեպի աշխարհ:

Եթե ընտրություն կատարեմ այդ երկու ակումբների միջեւ, ինձ համար «Բարսելոնան» ավելի մոտ է:

Իսկ Լեո Մեսսիի՝ հիվանդ տղա լինելու պատմությունը, որին «Բարսելոնան» նկատել էր, բուժել, իսկ հետո դարձրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես է հեքիաթն իրականություն դառնում:

Իսկ ի՞նչ կասեք հայկական ֆուտբոլի մասին:

Հայկական ֆուտբոլում այս տարի համատարած խավար էր իշխում: Այդ խավարի թագավորությունում լույսի միակ շողը կարելի է համարել  հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ելույթն այս սեզոնում: Աշխարհի բոլոր հայերը հետեւում են նրա խաղին: Մնացած առումներով հպարտանալու բան չկա. միայն հակառեկորդներ են, սխալներ, ձախողումներ:

Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի հավաքականը ներուժ ունի լավ ֆուտբոլ ցույց տալու եւ իր խաղով երկրպագուներին ուրախացնելու համար, սակայնայդ ներուժը չի իրացվում:

Երբ ՀՖՖ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց տարին, պարզվեց, որ ձախողումների մեղքն ընկած է ֆուտբոլիստների,  մարզիչների, անհավատարիմ երկրպագուների եւ ոչ պրոֆեսիոնալ լրագրողների վրա: Բոլորը մեղավոր են: Իսկ ո՞վ է գլխավոր մեղավորը: Գիտեք, սեփական սխալներն ընդունելը ուժեղներին է տրված:

Թեկուզ օրինակ վերցնենք Վարուժան Սուքիասյանի Սարգիս Հովսեփյանի փոխարեն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակելը: Այո, երիտասարդական հավաքականը նրա հետ հաղթեց թուրքերին Երեւանում: Սակայն նրա անունը մեղմ ասած այդքան էլ մաքուր ու անբիծ չէ հայկական ֆուտբոլում::

Ի՞նչ ակնկալիքներ ունեք  2016-ից

Հայկական ֆուտբոլի առումով դժվար է որեւէ բան կանխատեսել: Ներկայիս մոտեցմամբ հաջողության վրա հույս դնել չարժի: Պետք են կտրուկ փոփոխություններ: Դրական փոփոխություններ տեղի կունենան այն ժամակ, երբ մի կողմ դրվեն բոլոր անպետք սկզբունքները, հրավիրենք այն ֆուտբոլիստներին, որոնց համառորեն հավաքական չեն հրավիրում եւ լավ մարզիչ նշանակենք, թեկուզեւ դա թանկ հաճույք է: Մարզչի վրա չարժե խնայել:

Մի երկու տարուց հավաքականում սերնդափոխություն տեղի կունենա: Սարսափելի է մտածել, թե ինչ է լինելու: Ցավոք սրտի, ներկայիս պատանիների մեջ ես նոր Հենրիխ Մխիթարյանների չեմ տեսնում:

Իսկ ինչպե՞ս  են գործերը Հայաստանի ակումբային ֆուտբոլում:

Չէի ուզենա Նոր տարուց առաջ հոռետեսություն տարածել, սակայն, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը, դրական զարգացումների սպասել չենք կարող:

Ակումբային ֆուտբոլի վիճակն ավելի վատ է, քան հետխորհրդային տարածքում ցանկացած երկրում:

Անցնող տարին որքանո՞վ արդյունավետ էր անձամբ ձեզ համար

Ինձ համար տարին հաջող անցավ: Ես իմ սեփական բլոգն ունեցա  NEWS.am-ում:

Երեւանում Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղի ընթացքում ծանոթացա բազմաթիվ համաշխարհային աստղերի հետ, նրանցից հարցազրույց վերցրի: Ամռանն ինձ հաջողվեց Մեսիի հետ ծանոթանալ: Հայրս նրա երկրպագուն է: Մի անգամ ես խոստացա, որ նրա հետ լուսանկար կունենամ: Եվ այդ խոստումն այս տարի կատարեցի:

Բացի այդ, այս տարի Երեւանի մամուլի ակումբն ինձ մրցանակ հանձնեց մարզական լրագրության մեջ իմ հաջողությունների համար:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք  2016-ից: 

Ես շատ եմ սպասում Եվրո-2016-ին: Աշխարհամասի եւ աշխարհի առաջնությունները գերադասում եմ ակումբային մրցաշարերից:  Այս տարի, ցավոք սրտի, Եվրոպայի առաջնությունը կընթանա առանց Հոլանդիայի իմ սիրելի հավաքականի մասնակցության: Փոխարենը նորեկներ կլինեն: Բացի այդ, առաջին անգամ 24 թիմ կխաղա: Հույս ունեմ, որ մի օր հարցազրույց կվերցնեմ Մեսսիից եւ դրա համար հավանաբար սկսեմ իսպաներեն սովորել: Ինչու՞ ոչ:

Վերա, ինչպե՞ս հայտնվեցիք ֆուտբոլ:

Ֆուտբոլի հետ իմ սիրավեպը սկսվել է դեռեւս մանուկ հասակում: Հայրս ֆուտբոլի մեծ երկրպագու էր եւ նա ինձ սեր ներարկեց այդ մարզաձեւի նկատմամբ: Ամենամութ եւ ցուրտ տարիներին ինձ համար միակ ուրախությունը ֆուտբոլն էր:  Ես տեսաժապավենների վրա տեսագրում էի ֆուտբոլային խաղերը եւ անվերջ նայում էի: Դպրոցում ինձ կոչում էին  «Ֆուտբոլ սիրող Վերա»: 

Սակայն ես գնացի ուրիշ ճանապարհով: Իրավաբանական ֆակուտլտետ ավարտեցի: Հետո մայրիկիս խորհրդով հայտնվեցի հեռուստատեսությունում:  Թղթակից դարձա եւ այդ ժամանակվանից կենտրոնացա մարզական լրագրության վրա:  

Հե՞շտ է Հայաստանում մարզական լրագրությամբ զբաղվել

Շատ դժվար է: Նախ` մեր շուկան փոքր է: Ֆուտբոլը շատ աղքատ է: Հետեւաբար` քիչ են նրանք, որոնք հետաքրքիր կլինեին լսարանի ամենալայն շրջանակի: Այդ պատճառով ես երբեմն միայն տեղական շուկայի վրա չեմ կենտրոնանում: Հիմնականում էքսկլյուզիվներ եմ գրում:  

Կուզեի նշել, որ Հայաստանում ֆուտբոլով զբաղվող լրագրողների համար աշխատանքային հարմար պայմաններ չեն ստեղծված: Անընդհատ ընդհարումներ են առաջանում: 

Հե՞շտ է լինել կին ֆուտբոլային աշխարհում:

Ինչպես ամենուր, դրական եւ բացասական կողմեր կան:  Նախ` պիտի հասկանաս, որ ստիպված ես լինելու տղամարդկանց կոլեկտիվում աշխատել: Նախ կբախվես անտեսմանը, հետո` քմծիծաղին, իսկ հետո նաեւ` մրցակցությանը: Եթե դիմանաս, կմնաս այդ ոլորտում: 

Հիշում եմ` ինչպես մեկ տարի առաջ, երբ Ֆրանսիայի հավաքականն էր եկել մեզ մոտ, ֆրանսիացի լրագրողներից մեկը զարմացած էր` իմանալով, որ ֆուտբոլի մասին եմ գրում: Նրա խոսքով, Ֆրանսիայում միայն տղամարդիկ են ֆուտբոլով զբաղվում: Ես ինքս, Ռուսաստանից բացի, ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել աղջիկների, որոնք լրջորեն գրում են այդ մարզաձեւի մասին: 

Եվ վերջում պատմեք ձեր կարիերայում ամենամեծ հաջողության մասին

Կարծում եմ` դա դեռ առջեւում է: Առաջ կարծում էի, թե  30-ից հետո անհարմար է Հայաստանում աշխատել մարզական լրագրության ոլորտում:  Բայց բոլոր գերմանացի, ֆրանսիացի, իտալացի լրագրողները, որոնց հանդիպել եմ,  40-ն անց էին: Ես աստիճանաբար հանգեցի այն մտքին, որ դժվարը միայն ճանապարհի սկիզբն է: Պետք է շարունակել աշխատել եւ հավատալ հրաշքների: Եվ հրաշքներն անպայման կկատարվեն: Ինչպես որ այս տարի իրականացավ իմ վաղեմի երազանքը` հանդիպել հոլանդական Այաքսի հարձակվող Յարի Լիտմանենին:  20 տարի առաջ ես նրա անունը գրել էի դպրոցական նստարանին, իսկ այժմ հանդիպեցի Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված մրցախաղում: Ստացվում է` եթե ինչ-որ բան սրտով ուզես, վաղ թե ուշ իրականանում է: