Հունգարացի պատմաբանը հայտարարել է, թե հայտնաբերել է թուրք սուլթան Սուլեյման Մեծի գերեզմանը, որը մահացել էր 1566թ. Զգեթվարի (Հունգարիա) շրջափակման ժամանակ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Պատմաբան Նորբերթ Պապը նշել է, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել են գտածոներ, որոնք մատնանշում են, որ գիտնականների առաջ հենց Սուլեյման սուլթանի գերեզմանն է։ Պապը ենթադրում է, որ գերեզմանը գտնվում է այն վայրում, որտեղ եղել է սուլթանի վրանը, որում նա բնակվում էր շրջափակման ժամանակ, փոխանցում է Lenta-ն։
Այդուհանդերձ այս հիպոթեզի վերջնական հաստատման համար լրացուցիչ պեղումներ են անհրաժեշտ, որոնք կընթանան 2016թ. գարնանը։ Սուլեյմանը մահացել է 71 տարեկանում։ Նա համարվում է Օսմանների դինաստիայի հզորագույն սուլթանը։ Նրա 46-ամյա իշխանության օրոք թուրքերը իրենց գերիշխանությունը տարածեցին Բալկաններում, Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։
Սուլթանի գերեզմանը գտնվում է Հունգարիայում՝ նախկին թուրքական Թուրբեկ բնակավայրում։ Այն ավերել էին 1680-ական թթ. եւ միայն 2013թ. էին հայտնաբերել (նույն գիտնական Պապը)։
Պատմաբանները կարծում են, որ գերեզմանում դրել են Սուլեյմանի սիրտը եւ մյուս ներքին օրգանները, իսկ մարմինն ուղարկել են Ստամբուլ եւ թաղել Սուլեյմանիե մզկիթի դամբարանում։




























