Փարիզում ներկայացվել է ՄԱԿ համաշխարհային համաժողովի շրջանակում ամփոփիչ համաձայնագրի նախագիծը: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան ֆաբիուսը այն կոչել է «պատմական, հավակնոտ ու հավասարակշռված» ու 200 երկրներին կոչ է արել վավերացնել «կլիմայի մասին առաջին ունիվերսալ համաձայնագիրը »,հայտնում է Reuters–ը:

«Նպատակն է գլոբալ տաքացումը պահել ըստ Ցելսիուսի 2 աստիճան նիշից զգալիորեն ցածր մակարդակում ու գուցե մինչեւ 2100 թ. այն սահմանափակել ընդամենը 1.5 աստիճանով»,-Ֆաբիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Այս հայտարարությունը ուղեկցվել է բուռն ծափահարություններով:

Ֆաբիուսը հայտնել է, որ զարգացող երկրներում բնապահպանական նախաձեռնությունների ֆինանսավորման շուրջ ակտիվ բանավեճ էր ծավալվել: Բանակցությունենրի ընթացքում նշվել է 100 մլրդ դոլար թիվը: Ֆաբիուսի խոսքով, փաստաթուղթը ենթադրում է 2020 թ. սկսած ամեն տարի 100 մլրդ դոլար հավաքել:

«Սա հավասարակշռված տեքստ է, որը իրավաբանորեն պարտադիր բնույթ ունի »,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը:

Անգելերենից ՄԱԿ-ի հինգ մյուս պաշտոնական լեզուներով թարգմանված փաստաթուղթը ուսումնասիրման նպատակով փոխանցվել է 195 պատվիրակություններին , հետագայում այն պետք է անցնի լիագումար նիստում վերջնական հաստատման ընթացակարգը:

Փարիզյան համաժողովի նպատակն էր կնքել պատմության մեջ առաջին գլոբալ ու կատարման համար պարտադիր համաձայնագիրը՝ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու վերաբերյալ: