Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը 600 հազար ֆունտ ստերլինգով (902.85 հազար դոլար) վաճառվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ձեդունի նամակը՝ ուղղված լեյբորիստ Կլեմենտ Էթլիին։
1937թ. նոյեմբերի 1-ով թվագրվող նամակը գրվել է անգլերենով։ Այն ստորագրել է անձամբ Մաո Ձեդունը Յանանի հեղափոխական բազայում։ Նամակը կոչ է անում օգնություն ցուցաբերել չինացի ժողովրդին ճապոնացի զինվորականների դեմ պայքարում, որոնք Մեծ Բրիտանիային սպառնում էին ոչ պակաս, քան Չինաստանին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Դիտորդները կարծում են, որ այս նամակը Մաո Ձեդունի եւ համաշխարհային քաղաքական գործիչների միջեւ կապը հաստատող առաջին վկայությունն է։
Նամակը գնել է մասնավոր չինացի կոլեկցիոներ։




























