Ծերացումն իրոք մեզ ստիպում է մտածել, որ կյանքն ավելի արագ է ընթանում, քան երիտասարդ տարիքում, որովհետեւ մեր ուղեղն ավելի դանդաղ է միավորում ձայնային եւ տեսողական տեղեկությունները, եւ դրանով կարելի է բացատրել այն, որ տարեցները դանդաղ են արձագանքում, ասված է հոդվածում, որը հրապարակվել է Experimental Brain Research ամսագրում:
«Հասկանալու համար, թե մեր շուրջն ինչ է տեղի ունենում, ուղեղը ստիպված է լինում արագ որոշել` միավորել թե ոչ տեղեկատվության տարբեր աղբյուրների տվյալները: Տարեցների ուղեղը վատ է գլուխ հանում այդ խնդրից, ինչը կարող է բացատրել, թե ինչու տարեցները հաճախ կորցնում են զրույցի թելը այլ մարդկանց հետ երկխոսությունների ընթացքում, մեքենա վարելու դժվարություններ են ունենում կամ էլ ուղղակի քայլելիս վատ են պահում մարմնի հավասարակշռությունը», — ասել է Մայքլ Բարնետտ-Կովանը Վաթեռլոոյի համալսարանից (Կանադա), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականները նման եզրահանգման են եկել` հետեւելով մի քանի տասնյակ երիտասարդ եւ տարեց կամավորի արձագանքին:
Ինչպես ցույց է տվել փորձարկումը, 50-60 տարեկան մարդիկ սկսում են բավականին հաճախ սխալվել եւ ավելի երկար մտածել, քան երիտասարդները այն դեպքերում, երբ ստիպված են միաժամանակ ընկալել տեսողական եւ ձայնային ազդանշանները:
Խառը ազդանշաններին տարեցների արձագանքից դատելով` նրանց ուղեղն ամենայն հավանականությամբ ավելի վատ է գլուխ հանում տարբեր տեսակի տեղեկությունները մի պատկերի մեջ «սոսնձելու» գործից: Դա, ինչպես կարծում են Բարնետտ-Կովանն ու իր գործնկերները բացատրում է, թե ինչու են տարեցները համարում, որ ժամանակը սկսում է իրենց համար ավելի արագ ընթանալ. որովհետեւ նրանց ուղեղը չի հասցնում բազմասեռ տեղեկությունները միասնական «տեսաշարի» մեջ դնել:




























