Ֆրանսիայում անշարժ գույքի արժեքի համաշխարհային ռեկորդ է սահմանվել։ Chateau Louis XIV – «Լյուդովիկոս XIV-ի դղյակ» առանձնատունը Փարիզի արվարձանում վաճառվել է 275 մլն եվրոյով (310 մլն ԱՄՆ դոլարով):
Գնորդը ցանկացել է անհայտ մնալ: Նա, ինչպես հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով գործարքին մոտ կանգնած աղբյուրներին, ծագումով Մերձավոր Արեւելքից է:
Իրականում կառույցը հին ամրոց չէ: Այն Cogemad ընկերության կողմից կառուցվել է 2008-2011-ին` մի նախագծով, որում ֆրանսիական միապետության ծաղկման ժամանակաշրջանի ճարտարապետության տարրեր են օգտագործվել, տեղեկացնում է RG-ն:
Chateau Louis XIV-ը տեղակայված է Վերսալի եւ Մառլի-լը-Ռուա քաղաքի միջեւ` 23 հեկտար տարածության վրա: Առանձնատան ճշգրիտ մակարեսի մասին չի հաղորդվում, հայտնի է, որ այն մի քանի հազար քառակուսի մետր է կազմում: Տարածքի ներքին հարդարման մեջ օգտագործվել են մետաքսե գոբելեններ, ձեռքով արված որմնապատկերներ, ոսկեզօծ ծեփածոներ եւ մարմարյա քանդակներ:
Նման մակարդակի տներին բնորոշ գինու մառանից եւ լողավազանից բացի, «ամրոցը» նաեւ սեփական կինոթատրոն ունի: Առանձնատան շուրջը այգի է կառուցվել, որը ձիավարության ծառուղիներ ունի, բուսական լաբիրինթոս, թերթոսկով պատված արձաններով շատրվան:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011-ին` Լոնդոնում 221 մլն դոլարով պենտհաուզի վաճառքի ժամանակ:




























