Տաջիկստանի Կրթության եւ գիտության նախարարությունն արգելել է կրթական հաստատություններում ամանորյա եղեւնիների տեղադրումը: Համապատասխան կարգադրությունը ստորագրել է տեսչության ղեկավար Նուրեդդին Սաիդը, տեղեկացնում է «Ռադիո Օզոդին»:
«Տոնածառեր կտրելը, դրանք տեղադրելն ու զարդարելը, հրավառության եւ պիրոտեխնիկայի օգտագործումը, տոնական սեղանը, ամանորյա նվերներ տալն ու փող հավաքելը հանրապետության կրթական հաստատություններում արգելված են», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Իշխանությունները նաեւ դպրոցականներին եւ ուսանողներին արգելել են մասնակցել զանգվածային տոնական միջոցառումների եւ խնջույքների:
Նման արգելք հանրապետությունում գործել է 2013-ի դեկտեմբերին: Այն ժամանակ տաջիկ ուսանողներին արգելեցին իրար եւ դասախոսներին նվերներ տալ, ինչպես նաեւ տոնական երեկույթներ անցկացնել: Տեսչությունում պարզաբանել են, որ տվյալ միջոցներն ընդունվել են սովորողների դրամը խնայելու նպատակով:



























