Մեզ մոտ հաճախ են համեմատում Ռուսաստանի եւ Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձերը: Սակայն կա մի շատ կարեւոր հանգամանք, որի պատճառով այդ համեմատությունները կարող են սխալ եզրակացությունների հանգեցնել:

Ռուսաստանյան վիճակագրության նախնական տվյալներով՝ նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 33.9 հազար ռուբլուց մի փոքր պակաս, ինչը համարժեք է 250 հազար դրամի: Հայաստանում այն նույն ամսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182.6 հազար դրամ: Այսինքն՝ մոտ 1.4 անգամ ավելի քիչ: Սակայն այստեղ կա մեկ «բայց»:

«Հայկական» անվանական աշխատավարձից եկամտահարկ է պահվում, որի մի մասը վճարում է աշխատակիցը, իսկ մյուս մասը՝ գործատուն: «Ռուսական» անվանական աշխատավարձում արտաբյուջե ֆոնդերին (օրինակ՝ Կենսաթոշակայի ֆոնդին) գործատուների վճարած հարկերը չեն ներառվում:

Եկամտահարկը վճարելուց հետո միջին ռուսաստանցի աշխատավորը ստանում է մոտ 29.5 հազար ռուբլի կամ 217.4 հազար դրամ: Մեզ մոտ հարկերը վճարելուց հետո մնում է 136.6 հազար դրամ: Այսպիսով՝ աշխատավարձերի հարաբերակցությունը աճում է արդեն 1.6 անգամ: Բնականաբար, աշխատավարձից բացի, կենսամակարդակը որոշում են գները:

Սկզբի համար նշենք, որ Ռուսաստանի տարբեր մարզերում աշխատավարձերի չափը էապես տարբերվում է: Այսպես՝ Մոսկվայում հոկտեմբերին միջին աշխատավարձը ավելի քան 1.8 անգամ գերազանցում էր երկրի միջին ցուցանիշը, իսկ Կրասնոդարի երկրամասում՝ 1.3 անգամ զիջում էր միջին ցուցանիշին: Այսպես՝ համեմատենք Երեւանի եւ «աղքատ» Կրասնոդարի երկրամասի նոյեմբերյան գները:

«Այնտեղ» տավարի միսը 8.4 տոկոսով ավելի էժան է, քան մեզ մոտ, խոզի միսը էժան է մոտ 1.7 անգամ, ոչխարի միսը՝ 25 տոկոսով: Հացը Երեւանում նույնպես 24 տոկոսով ավելի թանկ է եղել, քան Կրասնոդարի երկրամասում: Մոտավորապես նույն վիճակն է նաեւ մյուս սննդամթերքների դեպքում:

Նշենք, որ Հայաստանում պարենամթերքի գները նոյեմբերին տարեկան հաշվարկով էժանացել են միջինում 1.6 տոկոսով: Իսկ ահա Ռուսաստանում սննդամթերքի գնաճը նոյեմբերին եղել է 16.3 տոկոս: Սակայն անգամ նման պարագայում, սննդամթերքի գների առումով մենք պարտվում ենք:

Սմբատ Գրիգորյան