Վրաստանը մոտ 50 մլն եվրո կծախսի Հայաստանի եւ Ռուսաստանի էլեկտրացանցերի հետ կապերի կատարելագործման վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Վրաստանի Պետական Էլեկտրահամակարգ» ԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սուլհան Զումբուրիձեն:
Նախատեսվում է ընդլայնել «Մառնեուլի» ենթակայանը եւ դրա լարումնն ավելացնել 220-ից մինչեւ 500/220 կՎ: Այժմ արդեն աշխատանքներ են տարվում, եւ հանդիպմանը ես լուսանկարներ եմ ցուցադրել», - հավելել է Զումբուրիձեն:
Մառնեուլից դուրս կգա 500 կՎ լարումով էլեկտրահաղորդման 2 գիծ: Դրանցից մեկը կմոտեցնեն Հայաստանում` Վրաստանի հետ սահմանին ապագա «Այրում» ենթակայանին (կայուն լարման փոխակերպման 500/400/220 կՎ): Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են, շինարարությունը կսկսվի 2016-ին եւ ենթադրաբար կավարտվի 2017-ի վերջին – 2018-ի սկզբին:
Եվս մեկ 500-կՎ ԷՀԳ` 100 կմ երկարությամբ, կկառուցվի Ռուսաստանի ուղղությամբ: Այդ նախագծի իրականացումը եւս սկսվել է:
«Մառնեուլի» ենթակայանի ընդլայնման համար կտրամադրվի 17 մլն եվրո, իսկ դեպի Ռուսաստան ԷՀԳ-ի համար` 25 մլն: Համապատասխան միջոցներ կտրամադրի գերմանական KfW բանկը (ինչպես Հայաստանում դեպի Վրաստան 400-կՎ ԷՀԳ-ի համար. խմբ.): Ընդհանուր առմամբ մենք այդ միջանցքի համար կծախսենք մոտ 50 մլն եվրո», - հավելել է Զումբուրիձեն:
Երբ հայկական եւ վրացական կողմերից գծերը կառուցված լինեն, միջանցքի թողունակությունը կկազմի 1000-1200 ՄՎտ: Այստեղ շատ կարեւոր դեր կխաղա Հայաստանում Վրաստանի հետ սահմանին մշտական հոսանքի ներդրումը: Սկզբնական փուլում նախատեսվում է այնտեղ 350 ՄՎտ 2 բլոկ տեղադրել: 700 ՄՎտ հզորությունը նախատեսվում է ի վերջո հասցնել մինչեւ 1 500-ի: Սակայն հենց գծի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ:
Այնուհետեւ Վրաստանի եւ Հայաստանի էներգիա արտադրող ընկերությունները կկարողանան լրիվ այլ քանակական մակարդակում քննարկել էլեկտրաէներգիայի առեւտուրը եւ փոխանակությունը: Այն հարցին, թե արդյոք Վրաստանը մտածում է Հայաստանով տարանցմամբ դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման մասին, Զումբուրիձեն ասել է. «Կարելի է մտածել նաեւ այդ մասին»:
Հիշեցնենք, որ հայկական կողմից նախատեսված է Հրազդանից «Այրում» կայարանին մոտեցնել 400 ԿՎ ԷՀԳ: Հրազդան քաղաքից ոչ հեռու եւս նախատեսված է 440/220 կՎ հզորությամբ ենթակայան կառուցել: Գծի, ինչպես նաեւ Հրազդանում եւ Այրումում ենթակայանների կառուցման վրա նախատեսված է 105,2 մլն եվրո ծախսել: Հիմնական դոնորը կլինի Զարգացման գերմանական բանկը (KfW`85,2 մլն եվրոյի չափով): Եվս 10-ական մլն կկազմեն Եվրոպական հարեւանության ներդրումային գործիքի եւ Եվրոպական Ներդրումային բանկի դրամաշնորհները:




























