Ստվարաթղթե գրքույկների, խորանարդիկների համեմատ էլեկտրոնային խաղալիքները, որոնք կրկնում են բառերն ու երգերը, ավելի քիչ են նպաստում երեխաների խոսքի զարգացմանը: Նման եզրակացություններ են ստացել Արիզոնայի համալսարանի նեյրոլիգվիստները: Հետազոտությունը հրապակվել է JAMA Pediatrics ամսագրում:

Փորձին մասնակցել է 10-ից 16 ամսական երեխաներ ունեցող 26 ընտանիք: Ծնողները երեք հավաքածու խաղալիք են ստացել էլեկտրոնային (մանկական համակարգիչ ու բջջային հեռախոս ) ավանդական (խորանարդիկներ, բուրգեր ու փայտյա փազլներ) ու ստվարաթղթե գրքեր՝ ընտանի կենդանիների, գույների ու ձեւերի անուններով ու պատկերներով: Մեծահասակներին առաջարկել են սովորականի նման խաղալ երեխաների հետ՝ օգտագործելով զանազան հավաքածուներ խաղալիքների: Հետազոտությունը ցույց է տվել, որ օգտագործելով խաղալիքների առաջին հավաքածուն, ծնողները ավելի քիչ են զրուցել երեխաների հետ ու գրեթե չեն շփվել հարց- պատասխան ձեւով: Երեխաները նույնպես ավելի քիչ են ձգտել նմանակել մեծահասակների խոսքին, ի տարբերություն գրքերի հետ խաղերի, հայտնում է Gazeta–ն:

Ստացված արդյունքները ցույց են տալիս թանկարժեք էլեկտրոնային խաղալիքների ոչ արդյունավետությունը: Սակայն գիտնականները վերապահում են անում՝ասելով, որ արդյունքները վերաբերում են միայն այն խաղերին, որոնք նպաստում են խոսքի հմտությունների զարգացմանը:

Ավելի վաղ արված հետազոտությունների համեմատ՝ վերջին հետազոտությունն ավելի ընդգծված է ցույց տալիս, որ խորանարդներով կամ բուրգերով խաղը երեխայի զարգացման համար նվազ արժեքավոր չէ: