Ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան, ակամա գալիս ես հետեւյալ եզրակացության. կարեւորը ոչ այնքան միջնորդների առաջարկների բովանդակությունն է, որքան այն կյանքի կոչելու հնարավորության հիմնահարցը, գրում է «Հայոց աշխարհ»-ը:
Ըստ պարբերականի` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գաղափարին քաղաքական հստակ կերպարանք հաղորդելու համար ԱՄՆ¬ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ունեն ընդամենը երեք տարբերակ.
ա) հասնել հակամարտության բոլոր կողմերի համաձայնության,
բ) լուծումներ պարտադրել հակամարտության բոլոր կողմերին,
գ) պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ հակամարտության սառեցված լինելու փաստը։
Այս երեք տարբերակներից ո՞րն է ավելի իրական ներկայումս։
«Առաջին տարբերակը ենթադրում է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, այլեւ հայ եւ ադրբեջանական ժողովուրդների սկզբունքային համաձայնությունը փոխզիջման գաղափարի հարցում, քանզի այսօր ամենքն են խոստովանում, որ Ղարաբաղյան հիմնահարցը հնարավոր չէ լուծել միայն իշխանավորների կաբինետներում։ Ամենքին է հայտնի նաեւ, որ ի տարբերություն Հայաստանի, որի սկզբունքային դիրքորոշումները, առնվազն 1998 թվականից հետո, էական փոփոխությունների չեն ենթարկվել, Ադրբեջանի ղեկավարությունը ծայրաստիճան կոշտացրել է իր մոտեցումները Ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ։ Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ այս ամենը սոսկ թատերականացված ներկայացում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին ադրբեջանանպաստ ուղղվածություն հաղորդելու համար, ապա կրկին առաջ է գալիս երկու երկրների ղեկավարության սկզբունքային համաձայնությունից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու խնդիրը։ Ի վերջո, բանակցություններին պետք է միանա նաեւ ԼՂՀ¬ն, իսկ ձեռք բերվելիք համաձայնությունները արժանանան նաեւ խորհրդարանների հավանությանը»,-նկատում է «Հայոց աշխարհ»-ը։




























