Ռոբերտ Ալլենի եւ Բոդո Շեֆֆերի մշակած եկամտի երկու ոսկե չափանիշների համաձայն՝ մեքենայի արժեքը չպետք է գերազանցի 3-4 ամսվա եկամուտի քանակը, իսկ բնակարանի արժեքը պետք է համարժեք լինի 2 տարվա եկամուտներին։ Սակայն արդյոք համապատասխանում են այս չափանիշները մեր միջին աշխատողի համար, եթե օրինակ ընտանիքում կա մեկ աշխատող, իսկ մյուսները նրա խնամքի տակ են գտնվում։
Սկզբում նշենք, որ մեր քաղաքացիներից շատերը թերահավատորեն են մոտենում աշխատավարձի մասին պաշտոնական թվերին։ Այստեղ պետք է հաշվի առնենք երկու հանգամանք. նախ՝ նույն կաթսայի մեջ եփվում են գլխավոր տնօրենների առասպելական աշխատավարձերը եւ հասարակ աշխատավորի համեստ աշխատավարձը։ Երկրորդ՝ աշխատավարձի 25 տոկոսը պահվում է որպես եկամտահարկ։ Այսինքն՝ աշխատավարձի մեկ քառորդը անհետանում է դեռ հաշվապահությունում՝ նախքան աշխատավարձ ստանալը։
Ենթադրվում է, որ վերոնշյալ ոսկե չափանիշի հեղինակները մեքենա ասելով նկատի են ունեցել ոչ թե 45 տարվա հնության ժիգուլին, այլ նոր մեքենան։ Մենք համեմատության համար վերցնենք մեքենաների մեջ ամենաէժան համարվող մոդելը։ Այսպիսով՝ «Նիվա 21214» մակնիշի մեքենա գնելու համար զուտ աշխատավարձը պետք է կուտակել 3 տարի եւ 3 ամիս։
Իսկ բնակարան գնելու համա՞ր։ Միջին վարձու աշխատողի 2 տարվա զուտ աշխատավարձը կազմում է 3.28 մլն դրամից էլ պակաս։ Իսկ Երեւանի Կենտրոն համայնքում միջին մակերեսով բնակարանի գինը բավական բարձր է այդ 31.8 մլն դրամից։ Անգամ ամենաանհրապույր Նուբարաշեն համայնքում միջին բնակարանի գինը նշված թիվը գերազանցում է ավելի քան 3 անգամ։
Այսինքն՝ մեր միջին աշխատավարձի եւ բնակարանի ու մեքենայի արժեքի համադրության մասին խոսք լինել անգամ չի կարող։ Անգամ եթե հաշվենք կեղտոտ աշխատավարձով, նորմալ եկամուտի եւ արժեքի տարբերությունը միեւնույնն է շոշափելի է լինելու։




























