Եվ այսպես «խոզի» գրիպը Հայաստան է հասել: Հունվարի 11-ի հաղորդագրություններով, երկրում այդ ախտորոշումով 170 հաստատված դեպք կա: Սակայն հիվանդների իրական քանակը կարող է եւ ավելի շատ լինել: Չէ՞ որ շատերը, վարակվելով, կարծում են, թե դա «հասարակ» գրիպ է, կամ էլ թոքաբորբ ու բժշկի չեն դիմում:
Խոզի գրիպի հարուցիչը H1N1 շտամմն է, որով մարդը վարակվել է խոզերից: Հենց այդտեղից էլ առաջացել է այդ գրիպի անվանումը : Դա տեղի է ունեցել Մեքսիկայում, որտեղից հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել էր, որ համաճարակ է սկսվել:
Կարեւոր է իմանալ, որ «խոզի» գրիպով վարակվելը բավականին հեշտ է: Հիմնականում դա տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Հիվանդը փռշտում է ասենք հանրային տրանսպորտում, կամ էլ խանութում՝ հերթի մեջ, նրա կողքին կանգնած մարդիկ շնչում են այդ վարակված օդը ու հիվանդանում: Նույնիսկ եթե վարակը օդակաթիլային ճանապարհով հայտնվել է ասենք տրանսպորտի բռնակների վրա, ապա նա, ով դիպել է այդ բռնակին, հետո էլ այդ ձեռքով քիթն է տրորել, նույնպես կարող է վարակվել:
Գրիպի զանգվածային տարածման համար իդեալական միջավայր է մեր հանրային տրանսպորտը՝ մասնավորապես երթուղայինները: Պինդ փակած պատուհաններով երթուղայինի փոքր սալոնում մի հիվանդ մարդը կարող է «հանգիստ» վարակել մյուս ուղեւորներին: Հավանականությունը հատկապես մեծ է մարդաշատ ժամերին, երբ երթուղայինում կրկնակի շատ ուղեւոր է, քան նստատեղերի քանակն է թույլ տալիս:
Սա իհարկե ոչ թե ուղեւորների, այլ տրանսպորտային կազմակերպությունների ու քաղաքային ադմինիստրացիաների մեղքն է: Օրինակ մայրաքաղաքում երթուղայիններից ավտոբուսներին անցումը, որը տարիներ առաջ լայնորեն գովազդվում էր, փաստորեն ձախողվել է:




























