ՄԱԿ-ի հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործողություններով: Այս մասին հունվարի 19-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Քաղաքացիական բնակչության պաշտպանություն» խորագրով բաց քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Ելույթի մեկնարկին դեսպան Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կիսում է Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարի մտահոգությունը` քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդրում, որի արդիականությունը հակամարտությունների գոտիներում չի նվազել: «Խնդրի մարդասիրական հարթությունից զատ, քաղաքացիական բնակչությանը սպառնում է ֆիզիկական գոյության եւ անպաշտպանվածության վտանգը: Թեպետ Անվտանգության խորհուրդը զգալի ջանքեր է գործադրում խնդրո առարկայի շուրջ առաջընթաց արձանագրելու ուղղությամբ, այնուհանդերձ, անհրաժեշտ է էլ ավելի վճռական գործելակերպ: Այս իմաստով կարեւորվում է կանխարգելման դերը», - նկատեց ՀՀ դեսպանը:

Զոհրաբ Մնացականյանը նաեւ ընդգծել է, որ, նախեւառաջ անհրաժեշտ է կրկնապատկել պատասխանատվության գործոնը, մասնավորապես, հակամարտությունների այն կողմերի համար, որոնք մերժում են խոցելի խմբերի տարրական անվտանգության ապահովումը եւ մարդասիրական օգնության ցուցաբերումը:

«Այս իմաստով առանձնահատուկ կարեւորվում է ՄԱԿ-ի մասնակցությունը` քաղաքացիական բնակչության դեմ կիրառվող ֆիզիկական բռնության կանխարգելման, պաշտպանության եւ մարտավարության մշակման ոլորտներում: Կազմակերպության հեղինակությունը պետք է գնահատվի ոչ թե հնչեցված` դատապարտման խոսքերով, այլ խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շոշափելի գործողություններով: Այս իմաստով հարկավոր է առանձնահատուկ ընդգծել ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների դաշտային առաքելությունների դերը` տեղերում իրավիճակի գնահատման հարցում, ընդունելով, որ կանխարգելումը` քաղաքացիական բնակչության պաշտպանության լավագույն միջոցն է: Ավելին, հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ուղղակիորեն կապված է զանգվածային ոճրագործությունների եւ ցեղասպանություն հանցատեսակի հետ», - ընդգծեց դեսպան Մնացականյանը:

Այնուհետ ՀՀ դեսպանը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, շեշտելով, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից 1994թ. զինդադարի անտեսման եւ խախտման դեպքերի արդյունքում` Հայաստանի եւ ԼՂ քաղաքացիական բնակչությունն առերեսվում է անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներին:

«Աճում են ԼՂ հետ շփման եւ Հայաստանի հետ սահմանային գծով խաղաղ բնակչության հրետակոծումները. դրանք հասել է աննախադեպ չափերի` կիրառվում է խոշոր տրամաչափի եւ ծանր հրետանի, խլելով սահմանային գյուղերի բնակիչների կյանքը: Միայն 2015թ․ սեպտեմբերին զոհվեց երեք կին։ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից զինադադարի միտումնավոր եւ նպատակային խախտումները, զուգորդված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների խաթարմամբ: Ուստի, Հայաստանը կրկին անգամ կոչ է անում Ադրբեջանին հետամուտ լինել միջազգային հանրության կոչերին` ձեւավորել զինադադարի խախտման դեպքերը քննող մեխանիզմ եւ ետ քաշել դիպուկահարներին: Այլապես, այն ստանձնում է բռնության եւ լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը», - նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Իր խոսքի ավարտին ՀՀ դեսպանը ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը` հակամարտությունների կարգավորման խնդրում տարածաշրջանային կազմակերպությունների կարողությունների կիրառման լավագույն օրինակներից է: «Հայաստանը բարձ է գնահատում միջազգային հանրության, ՄԱԿ-ի եւ նրա Գլխավոր քարտուղարի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ու կոչ է անում մերժել` ՄԽ համանախագահության ջանքերի խաթարմանն ուղղված Ադրբեջանի բոլոր փորձերը», - ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը:

Անվտանգության Խորհրդի բաց քննարկումը նախագահել է Ուրուգվայի ԱԳ փոխնախարար Խ.Լ.Կանսելան, իսկ շուրջ ութ տասնյակ պետությունների ներկայացուցիչների թվում, ելույթներով հանդես են եկել Իսպանիայի եւ Ուկրաինայի փոխարտգործնախարարները, Կարմիր Խաչի փոխնախագահ Ք.Բիրլին, ՄԱԿ-ի ԳՔ-ի տեղակալ Յ.Էլիասոնը եւ այլ պաշտոնյաներ: