Հունվարի 25-ին լրանում է ԽՍՀՄ ամենահայտնի բարդ կատարողներից մեկի, թատրոնի եւ կինոյի դերասան Վլադիմիր Վիսոցկու 78-ամյակը։ Նրա կյանքը, իսկ հետո նաեւ մահը պատված է այնպիսի առասպելներով, որ հիմա շատ դժվար է հասկանալ, թե որտեղ է սկսվում ճշմարտությունը, իսկ որտեղ՝ մտացածին լուրերը։ Իրական Վիսոցկուն գտնել կարող են օգնել միայն արտիստի մտերիմները։ Նրանցից է ֆրանսիացի թարգմանչուհի Միշել Կանը, որը հիմա ապրում է Փարիզում։

«Այնպիսի վառ արտահայտված պերսոնալիստը, ինչպիսին Վլադիմիր Վիսոցկին էր, չէր կարող չգնահատել այդ կնոջն ըստ արժանվույն։ Նրանց ծանոթության բոլոր 13 տարիների ընթացքում Միշելը մնում էր նրա ամենամտերիմ եւ նվիրված մարդկանցից մեկը։ Այդպես նա քչերին էր վստահում»,- իր գրքում պիտի գրեր Միշելի նախկին ամուսին, թարգմանիչ Դավիթ Կարապետյանը, որը նույնպես Վիսոցկու ընկերներից էր։

- Վիսոցկու լուսանկարը կախվա՞ծ է Ձեր տանը,- առաջին հերթին հարցնում եմ ես։

- Որտեղի՞ց գիտեք այդ լուսանկարի մասին,- զարմանում է մադամ Կանը։

- Տեսել եմ Ֆեյսբուքում։

- Ախ, այո,- ժպտում է նա եւ պատմում։

Լուսանկարը Դավիթ Կարապետյանինն էր։ Կանը այն բերել էր Մոսկվայից եւ կախել տան միջանցքում։

- Իսկ Վիսոցկու հետ դուք լուսանկար ունե՞ք։

- Ոչ։ Մենք չենք լուսանկարվել։ Մեր շփումը այնպիսի բնական վիճակ էր, որ մտքովդ անգամ չէր անցնում, որ պետք է հիշատակի լուսանկար անել։

 Միշել Կանը, ապագա լիրիկական երգչուհի Մարիամ Սարգսյանը եւ թարգմանիչ Միրեյ Կոգանը

- Ինչպե՞ս էր Ձեզ կոչում Վիսոցկին

- Միշելիչկա, իսկ ես նրան՝ Վոլոդյա, ինչպես բոլորը։

Միշելն ու Դավիթ Կարապետյանը Վիսոցկու հետ ծանոթացել էին 1967թ. գարնանը Տագանկայի թատրոնի դերասանուհի Տատյանա Իվանենկոյի միջոցով, որին այդ պահին սիրահարված էր Վիսոցկին։

- Ես «Պրոգրես» հրատարակչությունում աշխատում էի որպես թարգմանչուհի։ Դավիթի հետ ապրում էինք Լենինի պողոտայի վրա գտնվող ծառայողական բնակարանում։

«Ես գլխակորույս տպում էի իմ դիպլոմային աշխատանքը, իսկ հարեւան սենյակում բարեխիղճ Միշելը տքնում էր հերթական բեսթսելլերի թարգմանության վրա։ Ժամանակը սուղ էր, եւ մենք բնականաբար ոչ մի հյուրի չէինք սպասում։Հանկարծ դռան զանգը հնչեց, եւ մեկ րոպե անց ես դռան շեմին տեսա փայլող Տատյանային եւ ոչ բարձր հասակով, սպորտային տեսքով մի երիտասարդի։ Ես միանգամից հասկացա՝ նա է։

Վիսոցկին զուսպ էր, քաղաքավարի, հասարակ՝ ոչ մի արտոնյալություն, ոչ մի բոհեմային այլեւայլություն, հայտնի թատրոնի առաջատար դերասանի որեւէ դրսեւորում չկար։ Նա վճռականապես հրաժարվեց հայկական կոնյակից, ինչն ինձ շփոթության մեջ գցեց. դերասան, աստղ, որը չի խմում»,- իր առաջին տպավորություններն է պատմում Դավիթ Կարապետյանը։

Դրանից հետո Վիսոցկին հաճախ էր այցելում երիտասարդ թարգմանիչներին։ Ժամանակի հետ այդ հանդիպումները վերածվեցին իրական ընկերության, որը պիտի ձգվեր մի ողջ կյանք։

Վիսոցկին Դավիթ Կարապետյանի հետ

1971թ. Միշելը լքեց Ռուսաստանը եւ ընդմիշտ տեղափոխվեց Փարիզ։

- Վոլոդյան հաճախ էր գալիս Փարիզ։ Նա արդեն ամուսնացած էր Մարինա Վլադիի հետ։ Մեր հանդիպումները Ֆրանսիա կատարած նրա այցելությունների պարտադիր մասն էին կազմում։

Որոշ ժամանակ Միշելը Վիսոցկուն ֆրանսերենի դասեր էր տալիս։

- Նա լավ արտասանություն ուներ։ Կարծում եմ, դրանում նրան քիչ չէր օգնում նաեւ դերասանական կրթությունը։ Ես հիմնականում օգնում էի քերականության հարցում, եւ պիտի ասեմ, որ նա տաղանդավոր աշակերտ էր,- ասում է մադամ Կանը եւ հետաքրքիր մի դեպք պատմում։

- Ես բացատրում էի բայի ժամանակաձեւերը՝ «անցյալը անցյալում»։ Վոլոդյան խնդրեց օրինակ բերել, եւ ես ասացի . «Այն բանից հետո, երբ Ներոնը սպանեց իր մորը, նա դարձավ Հռոմեական կայսրության տիրակալը»։ Հիմար օրինակ էր։ Թե որտեղի՞ց ես այն վերցրեցի։ Չգիտեմ։ Միայն հիշում եմ, թե ինչպես Վոլոդյան բռնկվեց ծիծաղով եւ չէր կարողանում հանգստանալ։ Հետո նա ամեն տեղ այդ պատմությունն էր պատմում»,- ժպտում է Միշելը։

Մի պահ թվում է, թե այդ ամենը տեղի է ունեցել ոչ այնքան վաղուց, բառացիորեն երեկ։

Ի թիվս մնացածի՝  Միշելը մեծ դեր է խաղացել Վիսոցկու ստեղծագործական կյանքում։

Հենց նրան էր Վիսոցկին խնդրել իր երգերը թարգմանել իր ֆրանսիական եւ կանադական սկավառակների շապիկների համար, եւ հենց նա դարձավ «Գայլերի որս» հանրահայտ կատարման առաջին ունկնդիրը։

- Վոլոդյան գիշերը ժամը երեքին զանգեց եւ սկսեց առնալ հեռախոսի մեջ՝ գայլերի նմանակելով։ Նա այդ երգը գրել էր ֆրանսիացի  հանրահայտ բարդ Սերժ Ռեջանիի «Գայլերը Փարիզում» կատարման ազդեցության տակ։ Այդ երգը ֆրանսերենում լրիվ ուրիշ իմաստ ունի, ոչ այն, ինչ Վոլոդյայի երգում է։

- Իմիջիայլոց, Ձեր հեռախոսը չէ՞ր գաղտնալսվում։

- Իհարկե գաղտնալսվում էր։ Ես օտարերկրացի էի։ Վիսոցկու, Տարկովսկու եւ այլոց հետ իմ ընկերության  մասին շատ լավ գիտեին։

- Ասում են, հեռախոսով խոսելիս Վիսոցկին հաճախ էր դիմում ԿԳԲ-ականներին։

- Այո, այո։ Նա հաճախ վերցնում էր հեռախոսը, որպեսզի զանգահարեր, եւ գոռում էր. «Ալո, ես արդեն խոսում եմ, դուք ձայնագրու՞մ եք»։ Իսկ ուրիշ ի՞նչ էր մնում անել։

Վիսոցկու ձեռագրերից, որը պահպանվել է Միշել Կանի մոտ («Մենք ենք պտտում երկիրը»)

- Բոլորին հայտնի է, որ Վլադին Ֆրանսիայում կազմակերպում էր Վիսոցկու համերգները։ Ինքը՝ բարդը, եւ նրա երգերը հասկանալի՞ էին ֆրանսիացիներին։

- Այն ժամանակ միգուցե ոչ այնքան։ Այսօր ավելի շատ։ Դա բնական է բազմաթիվ հրապարակումներից, Վլադիի գրքից, ֆիլմից հետո, որն, ի դեպ, ուղղակի սարսափելի է (Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ ես։ Ծնթ. Խմբ.)։

- Դիտե՞լ եք այն։

- Հատվածներով։ Չցանկացա ամբողջության նայել։ Այնտեղ Վիսոցկի չկա։

- Նա երբեք չի՞ ցանկացել տեղափոխվել Ֆրանսիա՝ Վլադիի մոտ։

- Նա չէր կարող ապրել իր հանդիսատեսից անջատ։

- Նա փառամո՞լ մարդ էր։

- Ոչ։ Փառքը նրա համար այդքան նշանակություն չուներ։ Երբեմն նա նույնիսկ հոգնում էր չափից դուրս մեծ ուշադրությունից, որի պատճառով երկրպագուհիները նրան հանգիստ չէին թողնում։ Բացի այդ, նա շատ նամակներ էր ստանում։ Դրանք այնքան շատ էին, որ նա չէր հասցնում բոլորը կարդալ։ Մարդիկ նրան դիմում էին խնդրանքով, շատերը հանդիպում էին խնդրում։  Երկրպագուհիներից մեկը գրել էր. «Ես հասկանում եմ, որ ես քեզ համար նույնն եմ, ինչ Անդրոմեդայի միգամածությունը»։ Դա իհարկե ուժեղ համեմատություն էր։

- Ինչի՞ մասին էր երազում Վիսոցկին։

- Որ իրեն բանաստեղծ ճանաչեն։ Այո, նրան պաշտում էին, բայց նրա բանաստեղծությունները չէին հրապարակում։ Նա շատ ծանր էր տանում դա։

Փարիզում բնակարանային համերգներից մեկի ժամանակ Բրոդսկին Վիսոցկու ներկայացրեց որպես ռուս մեծ բանաստեղծ, պատմում է Միշելը։

-Վոլոդյան շատ էր հուզվել դրանից։

- Իսկ ինչպես էր նա վերաբերվում կրոնին։ Շատ են խոսում այն մասին, որ Վիսոցկին մկրտվել է Հայաստանում։

- Ես չեմ կարող հաստատել այդ լուրերը։ Վիսոցկին Դավիթի հետ եղել է Երեւանու, բայց նրա մկրտության  մասին ինձ ոչինչ հայտնի չէ։ Ինչ վերաբերում է կրոնի հանդեպ նրա վերաբերմունքին, նա մեծ հավատացյալ չէր, թեպետ որոշ երգերում հնչում է Քրիստոսի անունը։

- Ինչպե՞ս իմացաք նրա մահվան մասին

- Թերթից։ Ես իհարկե շոկի մեջ էի։ Մահվանից քիչ առաջ՝ 1979թ., նա եկել էր Փարիզ, եւ մենք հյուր էինք գնացել Շեմյակինին։ Ես չէի նկատել, որ նրա հետ մի բան այն չէ։ Նա այնպիսին էր, ինչպես միշտ։

- Հաճա՞խ եք Վիսոցկի լսում։

- Հազվադեպ...,- ասում է նա եւ վայրկյաններ անց հավելում,- դա ցավ է պատճառում։

 Վիսոցկու ձեռագրերից, որը պահպանվել է Միշել Կանի մոտ («Գմբեթներ»)