Մինչեւ վերջերս ավատարի` համացանցում օգտատիրոջ ինքնաներկայացման դերը գիտական աշխարհում բավականին սահմանափակ էր: Հոգելեզվաբաններն ավատարներն ուսումնասիրում էին` ավելի լավ հասկանալու իրական աշխարհում մարդկանց գործակցության կանոնները, գրում է Gazeta-ն:
Հոգելեզվաբանությունը երկար ժամանակ հետազոտում է երկխոսության մեջ մարդկանց փոխազդեցության խնդիրը: Հաստատված միջոցներից մեկը դիմացինի խոսքային պահվածքի հանդեպ կողմնորոշումն է: Խոսողներն անընդհատ իրար հետ խոսքի առանձնահատկություններ են փոխանակում: Հոգելեզվաբանական վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կողմնորոշման մակարդակը կախված է նրանից, թե որքանով հեղինակավոր է համարվում այն մարդու կարծիքը, որի հետ գործակցում է խոսողը: Այնուամենայնիվ, խոսքի արագության նվազագույն փոփոխությունները դժվար են արձանագրվում երկխոսության ուսումնասիրման ավելի վաղ գործածված մեթոդներով: Նոր տեխնիկայի կիրառությամբ վերջին հետազոտությունը հնարավորություն է տալիս մեծ ճշգրտությամբ որոշել, թե մարդիկ զրույցում ինչպես են հարմարվում իրար:
Վիրտուալ իրականության մեջ ավատարը թույլ է տալիս ստեղծել այնպիսի մարդու ֆիզիկական ներկայության պատրանք, ում պահվածքն ու խոսքը կարող ենք վերահսկել մինչեւ մանրագույն մանրամասներ: Փորձարկման անցկացման համար գիտնականները երկու տեսակի ավատար են ստեղծել, որոնք նման էին արտաքինից, բայց տարբերվում էին իրենց պահվածքով: Մեկն ամբողջությամբ վերարտադրում էր մարդկային դիմախաղերը, ժպտում էր, հոնքերն էր բարձրացնում եւ կարող էր ոչ վերբալ մակարդակում շփում ստեղծել: Մյուսն ավելի ավտոմատացված էր եւ չէր վերարտադրում դիմախաղի առանձնահատկությունները: Հետազոտողները փորձարկման մասնակիցներին առաջարկել են համակարգչով թղթախաղ խաղալ` պարզելու իրական մարդու հակազդեցությունները վիրտուալ մարդուն: Ավելի «կենդանի» ավատարի հետ գործակցության ընթացքում փորձարկման մասնակիցները նրան ընդունում էին որպես իրականի: Ձայնագրված խոսքային ակտերի քերականական մակարդակում ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «մարդ-համակարգիչ» երկխոսությունը լեզվական առումով լիովին համապատասխանում է «մարդ-մարդ» երկխոսությանը:




























