Ֆիզիկոսները ենթադրում են, որ ֆիզիկական Տիեզերքում ժամանակի նվազագույն միավորը մի քանի կարգով մեծ է Պլանկի ժամանակի միավորից։ Ավելին՝ նման մասշտաբի գոյությունը փոխում է քվանտային մեխանիկայի հիմնարար հավասարումները եւ դրա հետ մեկտեղ՝ նաեւ ժամանակի մասին պատկերացումները։ Հեղինակները պնդում են, որ ժամանակը դիսկրետ է, եւ համեմատում են բյուրեղի հետ։

Վաթեռլոյի համալսարանի ֆիզկոս Միր Ֆայզալը եւ նրա թիմը կարծում են, որ Տիեզերքում ժամանակի նվազագույն միավորը շատ ավելի մեծ է Պլանկի ժամանակի միավորից։ Ավելին՝ այդ հիպոթեզը կարելի է ապացուցել, փորձով, փոխանցում է Lenta-ն։

Ժամանակի նվազագույն մասշտաբի ճշգրտման փորձերից մեկը ջրածնի ատոմի ճառագայթման արագության չափումն է։ Մոդիֆիկացված հավասարումները գոյություն ունեցողներից տարբերվող այլ ցուցանիշ են տալիս։ Համանման փոփոխությունները կարելի է դիտարկել մասնիկների անջատման եւ անկայուն ատոմային միջուկների քայքայման արագությունը չափելիս։

Քվանտային մեխանիկայում բազային հավասարումները փոփոխելու այս առաջարկը ստիպում է վերանայել ժամանակի սահմանումը։ Գիտնականների կարծիքով ժամանակն իր կառուցվածքով բյուրեղային է. այն կազմված է դիսկրետ եւ պարբերաբար կրկնվող սեգմենտներից։

«Ֆիզիկական Տիեզերքը նման է ֆիլմի, որտեղ ստատիկ կադրերի հետեւողականությունը շարժման իլյուզիա է ստեղծում։ Այդ դեպքում անընդհատ շարժման ոգով իրականության մեր ընկալումը իլյուզիա է, որը ձեւավորում է դիսկրետ մաթեմատիկական կառուցվածք։ Մեր ենթադրությունը մատնանշում է իրականության պլատոնական էությունը»,- ասել է Ֆեյզալը։