Ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել է հերթական զեկույցը «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ դրա սարքինության մասին», որում ներկայացված են ընթացիկ տարվա հունվարի 1-ի տվյալները: Այդ տվյալներից դատելով՝ վերջին 10 տարում  տրակտորների պարկը մեծացել է 5.5 տոկոսով՝ հասնելով ավելի քան 15.1 հազարի: Ընդ որում, սարքին մեքենաների բաժինը մեծապես աճել է՝ կազմելով 78.7 տոկոս: Այսինքն՝ տրակտորների պարկի ավելի քան 1/5-ը նախկինի պես անսարք վիճակում է:

Հաշվի առնենք նաեւ, որ «սարքին» տեխնիկայի մեծ մասը դարն ապրած խորհրդային տրակտորներ են, որոնց շահագործման ժամկետը 25 տարի էր: Սրանք պայմանականորեն «սարքին» մեքենաների շարքն են դասվում, որոնք ավելի շատ վառելիքա-քսուքային նյութ են ծախսում եւ իհարկե հաճախ փչանում են:  Նոր տեխնիկա ստանում են: Պաշտոնական տեղեկություններով՝  8 տարում (2007-2014թթ.) Հայաստան է ներկրվել մոտ 2.5 հազար տրակտոր: Նրանց բաժինը տրակտորների ներկայիս պարկում 17 տոկոս է:

Հիմնականում դրանք մինի տրակտորներ են, ընդ որում, դրանց զգալի մասը արդեն շահագործված է եղել: Սակայն գյուղացիներն ուրախ են եւ նման տեխնիկա տեսնել: Փոքր տրակտորները հարմար են հատկապես նախալեռնային եւ լեռնային շրջաններում աշխատանքի համար: Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացմանը միայն  մեկ խոչընդոտ կա՝ նման տեխնիկա գնելու գումար բոլորը չէ որ ունեն:

Վայոց Ձորի մարզի գյուղացիներից մեկի խոսքով՝ վերջին տարիներին իր հայրենի գյուղում ոչ ոք չի գնել գյուղատնտեսության մեջ այդքան կարեւոր այդ տեխնիկան: Նրա համագյուղացիները օգտվում են մի ընկերության ծառայությունից, որը 30 հազար դրամ է վերցնում 1 հա հող մշակելու համար: Սակայն տեղանքը կավահող է, եւ բուսաբուծությունից (կենդանիների բուծումից նույնպես) մեծ եկամուտներ չկան: Գյուղացիներից շատերը մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ երիտասարդների մի փոքր հատվածն էլ աշխատանք է գտնում մայրաքաղաքում եւ միայն կիրակի օրերին վերադառնում գյուղ:

Սմբատ Գրիգորյան