ՀՀ կառավարությունը մարտի 3-ին հավանություն է տվել նոր Ընտրական օրենսգրքի նախագծին։ Ինչպես ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, հիմնական շեշտը պետք է դրվի խորհրդարանական քննարկումների վրա՝ հաշվի առնելով, որ օրինագիծը բովանդակությամբ քաղաքական է։ Հենց այդ պատճառով Կառավարությունում քննարկումներն այդքան սեղմ են եղել։ «Այսպիսով՝ մենք սկիզբ ենք դնում ակտիվ քննարկումների փուլին, որը կսկսվի հիմա եւ կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը, երբ, համաձայն Սահմանադրության փոփոխությունների, պետք է ուժի մեջ մտնի նոր Ընտրական օրենսգիրքը»,- հավելել է Հարությունյանը։
Ակնկալվում է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կսկսվեն մարտի 14-17-ին կայանալիք հերթական քառօրյայի ժամանակ։
Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են: Դրանք տեղի են ունենալու բացառապես համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով): Եթե որեւէ կուսակցություն չի ստանում բացարձակ մեծամասնություն եւ երեք օրվա ընթացքում չի հաջողվում կոալիցիա ձեւավորել, ապա նախագահական ընտրությունների նման առաջին երկու տեղը զբաղեցրած ուժերի մասնակցությամբ տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլ:
Ընդ որում, առաջին փուլից հետո խորհրդարան անցած կուսակցությունները կարող են միավորվել երկրորդ տեղը գրաված ուժի հետ եւ կոալիցիա կազմել: Հաղթող ուժը (լինի առաջին, թե երկրորդ փուլի արդյունքում) ստանում է մանդատների առնվազն 54 տոկոսը, սակայն չի կարող ունենալ մանդատների թիվի 2/3-ից ավելին: Իսկ եթե ընտրությունների առաջին փուլում որեւէ ուժ ստացել է մանդատների 2/3-ից ավելին, այդ դեպքում մանդատներ են բաշխվում մյուս ուժերին, որպեսզի առաջատար ուժի տեսակարար կշիռը նվազի 2/3-ից:
Բացի այդ, երաշխավորված տեղեր են հատկացվելու առավել խոշոր 4 ազգային փոքրամասնություններին:
Նախատեսված է նաեւ էլեկտրոնային ցուցակների ներդրում, իսկ դիվանագետների եւ արտերկրում գործող հայկական ընկերությունների աշխատակիցների համար կգործի էլեկտրոնային քվեարկություն:





























