Մարտի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի անփոխարինելի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերայի ավարտի մասին: Լուրը ցնցեց համացանցը: Հաջորդ օրը տոնական էր, իսկ հիմա ժամանակն է սառը գլխով վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ: Անկեղծ ասած, գրառումս կլինի ավելի բլոգային ու մի քանի ամիս առաջ հաստատ չէի մտածի, որ կարող եմ այսպիսի պատմողական բաներ գրել:
Ռոբերտ Արզումանյանին ճանաչում եմ դեռ մանկուց, սովորել ենք նույն դպրոցում՝ զուգահեռ դասարաններում: Ես որպես ֆուտբոլով ապրող մարդ այն ամենին, ինչը կապ ուներ ֆուտբոլի հետ, շատ ուշադիր էի: Գիտեի, որ զուգահեռ դասարանում կա ֆուտբոլով լրջորեն զբաղվող Ռոբերտ անունով տղա, նրա ավագ եղբայրը նույնպես զբաղվում էր ֆուտբոլով: Բացի այդ գիտեի, որ Ռոբերտը շատ խելացի է: Ռոբերտը հասակակիցների մեջ մաթեմատիկայից լավագույներից էր, շատ կարդացած էր, հակում ուներ լեզուների նկատմամբ: Ռոբերտը նաեւ շատ համեստ էր, երբեմն թվում էր անգամ ամաչկոտ: Հետո նա ընդունվեց Տնտեսագիտական համալսարան, բայց իրեն լիովին նվիրեց ֆուտբոլին: Դպրոցն ավարտելուց հետո էլ, երեւի թե հավաքականի բոլոր տղաներից ամենաքիչը նրա հետ եմ խոսել. միայն հավաքականի խաղերից հետո խառը գոտում եւ հարցազրույցների ժամանակ:
Ռոբերտի պատմությունը ֆուտբոլասերները լավ գիտեն: 20 տարեկանից հավաքականում է, 11 տարի եղել է նրա անփոխարինելի պաշտպանը, հավաքականի կարեւորաագույն գոլերից մի քանիսի հեղինակը, շատերի կարծիքով, թիմում իսկական ավագ: Ակումբային կարերիերայում Ռոբերտը շատ դժվար պահեր ունեցավ, ծանր վնասվածքներ…
Արզումանյանը թիմում ունեցել է նաեւ շատ վատ խաղեր: Ինքս քանի անգամ գրել եմ նրա ձախողումների մասին, քննադատել: Բայց արի ու տես, որ նրանից լավին այս ժամանակում գտնել չհաջողվեց: Եվ հիմա նա գնում է, ոչ թե որպես տարիքն առած, կամ թուլացած ֆուտբոլիստ, այլ գնում է, քանի որ իրեն եւ թիմակիցներին մեղադրեցին ամենասուրբ բանի մեջ՝ հավաքականին դավաճանելու:
Ես երկու օր ուշադիր կարդում էի բոլոր մեկնաբանությունները: Ֆուտբոլասերների մեծ մասն ասում է, որ նա ճիշտ է անում, մի մասը կարծում է, որ չպետք է մեղադրանքի համար գնար… (թեեւ արդեն պարզ է, որ նրան այլեւս չէին կանչելու): Բայց բոլորը միաձայն ասում են, որ այպիսի ֆուտբոլիստը այսպես չպետք է հեռանար հավաքականից:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից դեռ ոչ մեկը չի արձագանքել փոխ-ավագ Արզումանյանի հայտարարությանը: Դեռ չեն խոսել այն ֆուտբոլիստները, որոնք նույնպես հնարավոր է չկանչվեն հավաքական:
Ես իմ կողմից, ոչ միայն որպես ֆուտբոլային լրագրող, այլ երկրպագու, որն արդեն 22 տարի է ապրում է Հայաստանի ազգային հավաքականով, երազում նրա հաջողության մասին, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, Ռոբերտ: Իմ կյանքի ամենաերջանիկ պահերը՝ հավաքականի փայլուն խաղերը 2011-2013 թթ կապված են նաեւ քո անունի հետ: Մի թիմի, որը բոլոր հայ երկրպագուների երջանկությունն էր: Այսօր այդ թիմը գնալով քանդվում է, իսկ Ռոբերտի գնալով մի հիմնասյուն էլ քանդվեց…
Վերա Մարտիրոսյան / Vera&Football





























