Հայաստանում մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ հասարակության բացասական վերաբերմունքը: Այս մասին այսօր` մարտի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը: Նրա խոսքով, հասարակության վատ վերաբերմունքից էլ սկսվում են մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար այլ խոչընդոտները:
«Հիմնականում քաղաքացիների վերաբերմունքն է, որն էլ այլ խոչընդոտներ է ստղծում: Այդ վերաբերմունքի պատճառով է, որ ծնողները խուսափում են հասարակական վայրեր տանելուց երեխաներին, որոն էլ հանգեցնում է հասարակությունից նրանց մեկուսացմանը»,-ասաց Արմինե Սահակյանը:
ՀԿ նախագահի խոսքով, այժմ Հայաստանի դպրոցներում մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հանդիպումներ են ունենում աշակերտների հետ, զրուցում նրանց հետ եւ փորձում կոտրել մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամաբ եղած կարծրատիպերը:
«Աշակերտների հետ զրուցում ենք, նաեւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց ձեռքի աշխատանքներն ենք ներկայացնում նրանց, սակայն, միեւնույնն է, այս խնդիրը մեկ օրում չի կարող լուծվել: Պետք է սկսել աշխատանքներն հենց մանկապարտեզից, հետո օղակը շարունակել դպրոցներում, համալսարաններում, մինչեւ գա այն երանելի օրը, երբ մտավոր խնդիրներ ունեցող քաղաքացիները որպես հասարկության լիարժեք անձ կընդունվեն եւ անգամ կկարողանան ունենալ աշխատանք»,-ասաց նա:
Արմինե Սահակյանը նշեց, որ Երեւանն աշխարհի այն քաղաքներից է, որն այնքան էլ հարմարեցված չէ հաշմանդամների, մտավոր, տեսողության եւ լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար:
«Ասել, որ հաշմանադամություն ունեցող քաղաքացիների համար ոչինչ չի արվում, սխալ կլինի, բայց ասել, որ մեր քաղաքը մատչելի է, նույնպես սխալ է: Էլի շարունակվում են կառուցվել թեքահարթակներ, որոնք ձեւակն բնույթ ունեն: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հիմնական խնդիրը մնում է քաղաքի մայթերի, ճանապարհների, տրանսպորտի, թեքահարթակների բացակայությունը, իսկ տեսողության խնդիրներ ունեցողների համար` ձայնային ազդանշան ունեցող լուսակիրների բացակայությունն է, քաղաքում կան, բայց շատ քիչ»,-ասաց ՀԿ նախագահը:





























