Բրիտանական խորհուրդը, Երեւանում բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարում են «Նա/նե» լրագրողական աշխատանքների հերթական մրցույթը:
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները եւ անկախ լրագրողները: Տպագրված կամ հեռարձակված նյութերը, կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրվել նաեւ հասարակական կազմակերպությունների կամ անհատների կողմից:
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2010թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից: Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Մրցանակները տրվելու են հետեւյալ անվանակարգերում`
1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիոնյութ
4. Առցանց եւ բլոգում տեղադրված հոդված
5. Լուսանկարչական աշխատանք
6. Սոցիալական եւ առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը
Հայտերն ընդունվում են մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2011թվականի հունվարի վերջին եւ կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Բրիտանական խորհրդի կայքը` www.britishcouncil.am:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ Հռիփսիմե Մանուկյանին Բաղրամյան 24 հասցեով կամ ուղարկել nanebritishcouncil.am էլ-փոստի հասցեով: Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորված տարբերակը:





























