««Մատաղիսի լեռների արծիվ» են կնքել անունը...
Հայկս զինվորական գործը շատ էր սիրում, փոքր տարիքից էի հասկացել, որ զինվորական է դառնալու: Ինքը բան չէր ասում, իր խաղերն էին ասում: Իր խաղալիքները հրացաններ էին, տանկերը, թրերը: Տանկերով այնպես էր խաղում, կարծես իրական լիներ: Մենք էլ մտածում էինք` դե տղա ա, բա հո տիկնիկով չի խաղա...
8-րդ դասարան էր, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը նոր էր բացվել: ընդունվեց այնտեղ, գերազանց ավարտեց, ընդունվեց Ռուսաստանի Պենզա քաղաքի ռազմական ակադեմիա ու 5 տարի հետո անցավ ծառայության Արցախում:
Սպառազինության բաժնի պետ էր: Ստեփանակերտի զորամասում էր սկզբում ծառայում, հետո տեղափոխվեց Մարտակերտ, հետո Մատաղիս: Ստեփանակերտ գնացել էինք, Մարտակերտ էլ, բայց հինգ տարի Մատաղիսում էր, չէր թողնում, որ գնայինք, ասում էր` միեւնույն է, չեք տեսնի ինձ, իզուր գալիս եք` ինչ անեք: Հիմա հասկանում եմ, որ երեւի չէր ուզում մեզ ցավեցնի, չտեսնենք, որ վտանգավոր տեղում է: Ինքը շատ սխրանքներ է գործել, մեդալներ, պատվոգրեր ունի, որ հենց այնպես չեն տալիս: Ասում էր` ես մինչեւ գեներալ դառնալու եմ…
Երկու տարի առաջ էր: Զանգեց, ասեց` մամ ջան, տղադ մայոր ա: Ձայնը միշտ զրնգուն էր, աշխույժ էր… Իր մասին խոսելիս ակամայից ժպիտ է գալիս դեմքիս… Ասում էր` չեմ զգում` երբ է օրս բացվում, երբ է մթնում, ժամանակս նենց է անցնում, չեմ նկատում: Իր կյանքն այնքան բուռն էր, այնքան բան էր ապրել այդ երեսուն տարիներին…
Այնքան լավ էր իր գործն անում, որ որոշել էին իրեն տեղափոխել նախարարություն: Երկու անգամ գրություն էին ուղարկել, որ նախարարություն ներկայանա հունվարին, չէր հասել նամակը իրեն: Մինչեւ որ երրորդ անգամ զանգում են, ասում են` ինչի չես գալիս, երկու անգամ գրություն ենք ուղարկել: Ու փետրվարի 2-ին Հայկս գալիս, գնում է նախարարություն, ստորագրում է թղթերը, ասում են` երկու ամսից հրամանը կլինի տեղափոխման: Երկու ամիսը հենց լրանում էր ապրիլի 2-ին:
Շաբաթ էր, արթնացանք, հեռուստացույցը միացրինք, իմացանք` ինչ է եղել, այդ ժամանակվանից զանգում էինք, կապվել չէինք կարողանում հետը, անհասանելի էր: Օգոստոսյան լարվածության ժամանակ էլ էր ինքը դիրքերում, բայց այն ժամանակ միայն մի օր լուր չունեցանք, հետո զանգեց: Այս անգամ չզանգեց, մինչեւ ամսի 4-ը տեղեկություն չունեինք, որոշել էինք գնալ Ղարաբաղ: Էդ օրերին անընդհատ դարպասը բացվում, փակվում էր, նայում, մտածում էի` վայ, եկան, հետո տեսնում էի` ուրիշ մարդ էր, հանգստանում էի: Ամսի 4-ն էր, դարպասը բացվեց, պատուհանից տեսա, որ զինվորական հագուստով են, հասկացա...»
Հայկը ծնվել է գիտնականի ընտանիքում, ծնողների միակ որդին էր, իրենից փոքր մեկ քույր ունի: Ըստ նախնական տվյալների` մայոր, 30-ամյա Հայկ Թորոյանը զոհվել է, երբ զենք տեղափոխելիս ընկել են շրջափակման մեջ: Հայկի ավտոմատի բոլոր փամփուշտները կրակած են եղել:

































