Սահմանադրական փոփոխություններից հետո սկսված գործընթացը համահունչ է մեր սպասումներին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը, որը բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից էր:

Պարոն Դանիելյան, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից անցել է 7 ամիս: Այս ընթացքում ի՞նչ է փոխել նոր Սահմանադրությունը երկրի ու հասարակության կյանքում: Արդյոք այն արդարացրե՞լ է այն սպասելիքները, որոնց մասին այդքան խոսում էին իշխանություններն ու փոփոխությունների նախաձեռնողները:

Ակնկալիքների մասին ինքս էլ եմ խոսել, սակայն մշտապես ընդգծել եմ, որ երկրի Հիմնական օրենքում ամրագրված նոր մոտեցումները չեն կարող արդեն մի քանի ամիս անց լիարժեք տեսանելի լինել, մանավանդ, որ դրա բազմաթիվ նորմեր իրավական ուժ ձեռք կբերեն առնվազն երկու տարի անց:

Ինչ վերաբերում է գործընթացին, ապա այն սկզբունքորեն համահունչ է մեր սպասումներին: Նախ, ինչպես գիտեք, Հանրապետության Նախագահի հրամանագրով կազմվեց Սահմանադրությունից բխող օրենսդրության մշակման գործընթացին աջակցող հանձնախումբ, որի կազմում, հիմնականում, ընդգրկվեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները: Հանձնախումբն արդեն նախաձեռնել է մի շարք հիմնարար օրենքների մշակման փուլում սահմանադրականությանն առնչվող բազմաթիվ հիմնարար հարցադրումների քննարկում: Մասնավորապես, համակողմանի քննարկման նյութ են դարձել «Հաշվեքննիչ պալատի մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ՀՀ դատական օրենսգրքի նախագծի հայեցակարգային հիմնադրույթները եւ այլն:

Սա աննախադեպ նախաձեռնություն է, ինչը հույս է ներշնչում, որ Սահմանադրության ընդունմանը կհաջորդի կանխատեսելի օրենսդրություն՝ նախապես սահմանված ժամկետներում, եւ չի կրկնվի նախորդ տարիների անընդունելի պրակտիկան, երբ Սահմանադրությամբ նախատեսված օրենքների ընդունումը գրեթե անվերահսկելի էր, տարիներ էր տեւում եւ չէր անցնում որեւէ համարժեք մասնագիտական փորձաքննություն:  

Նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցնում է խորհրդարանական համակարգի, այսինքն գլխավոր քաղաքական մարմինը լինելու է Ազգային ժողովը: Հաշվի առնելով մեր խորհրդարանի որակը, երբ մարդիկ իրար առաջարկում են «տղայականով» պարզել խնդիրները, որքանո՞վ այդ համակարգը կաշխատի, արդյոք այստեղ չկա՞ն մտահոգություններ:

Ինքս էլ եմ մտահոգված այդպիսի երեւույթներով, օրենսդիր իշխանության ներկայացուցիչը, ինչ խոսք, հնարավորինս պետք է զերծ մնա «ներկայացումներ» սարքելուց եւ փորձի իրեն հատկացված սեղմ ժամկետում լուծումներ առաջադրել հասարակական կյանքի բարդ հարցադրումների առնչությամբ՝ օգտվելով նաեւ մասնագետների խորհրդատվությունից, որպիսի գործելաոճ, ցավոք, դեռեւս լիարժեք չի ձեւավորվել: Սակայն չմոռանանք, որ մենք անդրադարձել ենք նաեւ խորհրդարանի որակի իրավական հիմքերին, որոնք իրենց մանրամասն արտացոլումը պետք է գտնեն արդեն ընտրական օրենսդրության մեջ: Սահմանադրությամբ ավելին անել հնարավոր չէր, մենք չէինք կարող անմիջականորեն ամրագրել, թե ինչպիսի մտավոր ունակությունների ու այլ չափանիշների պետք է բավարարի պատգամավորը, իսկ իրավունքի հենքով ընձեռած հնարավորություններից, թերեւս, լիարժեք օգտվել ենք:

Բայց սա էլ գերխնդիր չէ: Վերջին հաշվով, եթե քաղաքացիական հասարակությունը տեսնի, որ խորհրդարանը ի զորու չէ լրջագույն խնդիրներով զբաղվել եւ հրապուրվել է առավել մատչելի գործելաոճով, մասնավորապես՝ պոպուլիզմով, ապա ինքը կարող է նախաձեռնել օրինագծեր եւ անմիջապես ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Սա, կարծում եմ, առաջիկայում լինելու է լրջագույն փորձաքար՝ նորընտիր խորհրդարանի համար:

Ընդդիմությունը պնդում էր, որ կառավարման համակարգը փոխվում է գործող նախագահի վերարտադրության հարցը լուծելու նպատակով: Վերջերս Սերժ Սարգսյանն ասաց, որ կհեռանա քաղաքականությունից, եթե ՀՀԿ-ն պարտվի, բայց նման բան չի լինի: Չի՞ ստացվում, որ ընդդիմության ասածի մեջ ճշմարտության հատիկ կար:

Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, գնահատելով սոցիալ-քաղաքական իրավիճակը, ինքն է իր համախոհների հետ որոշում քաղաքականության մեջ մնալ-չմնալու հարցը, եւ ինձ համար հասկանալի չէ, թե կոնկրետ Սահմանադրությամբ կառավարման ձեւի փոփոխությունն ի՞նչ անմիջական առնչություն կարող է ունենալ Ձեր հարցադրման հետ: Նախորդ Սահմանադրությունը ոչ միայն չէր խոչընդոտում, այլեւ ակնհայտ ավելի լայն հնարավորություն էր նախատեսում Հանրապետության նախագահին՝ իր քաղաքական գործունեությունը շարունակելու կտրվածքով, այդ թվում՝ իշխանության մեկ այլ ճյուղի մարմին գլխավորելու տեսանկյունից: Կառավարման ձեւի փոփոխությունը բացարձակապես դյուրին չի դարձրել ներկայիս խորհրդարանական մեծամասնության կողմից իր գերակշռությունը պահպանելու ձգտումները, ավելին, առաջադրվել է, բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու ակնհայտ բարդ ընթացակարգեր եւ այլն:

Ընդհանրապես այնքան էլ հիմնավորված չէ քաղաքական գործընթացների ողջ տրամաբանությունը փնտրել երկրի Հիմնական օրենքի մեջ. չմոռանանք, որ միեւնույն Սահմանադրության պարագայում կարող են տեղի ունենալ միանգամայն հակասական, իրարարմերժ քաղաքական զարգացումներ: Մենք արդեն այդպիսի զարգացումների ականատեսն ենք եղել, սակայն շարունակում ենք Սահմանադրությունը ճանաչել քաղաքական կյանքի վճռորոշ առանցք:    

Ընդհանրապես, հասարակության մեջ կա կարծիք, որ մեր խնդիրը ոչ թե Սահմանադրության լավ կամ վատ լինելն է, այլ այն, որ այն մեծ հաշվով չի գործում: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը եւ ինչ պետք է անել վստահության աստիճանը բարձրացնելու համար:

Ձեր հարցը եւս հաստատեց իմ դիրքորոշումը, ըստ որի՝ հասարակական կյանքի երեւույթները չեն կարող ամբողջովին թելադրված լինել Սահմանադրությամբ: Միաժամանակ, փորձեմ ամբողջականացնել Սահմանադրության կենսագործման իրական արժեքին առնչվող հարցադրումները: Սահմանադրությունը, ինչպես եւ ցանկացած այլ իրավական ակտ, ինքնըստինքյան, կատարյալ կամ թերի չի լինում, վերջինս կլարող է այդպես որակվել, եթե փորձում եք այն գնահատել այն տեսանկյունից, թե որքանո՞վ է երաշխավորված դրանում ամրագրված հիմնադրույթների կենսագործումը: Այլ կերպ ասած, նաեւ Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի այն շրջանցելը գրեթե բացառվի, առնվազն դառնա խիստ բարդ ու անընդունելի, իսկ խախտումները ուղեկցվեն իրատեսական, ազդեցիկ հետեւանքներով: «Ազնիվ խոսքի» վրա կառուցված սահմանադրությունները չեն կարող իրատեսական համարվել: Այդպիսիք չեն կարող համարվել նաեւ այն սահմանադրությունները, որոնք ներծծված են պոպուլիզմի գաղափարներով. ինչպես ասում են. «Երջանկության թշնամին ոչ այնքան անհաջողություններն են, որքան պատրանքները»:  

Այն, որ Սահմանադրության տեքստում որոշ սոցիալական իրավունքներ փոխարինվեցին պետության հստակ ամրագրված խնդիրներով, թերեւս, հետապնդում էր մի կարեւորագույն նպատակ. նախապատվությունը տալ ոչ թե մարդու իրավունքներ հռչակելուն, այլ դրանց կենսագործման համար պետության ստանձնած պարտավորություններ սահմանելուն:

Նոր սահմանադրության կարեւոր դրույթները կյանքի են կոչվելու 2017-ի ընտրություններից հետո: Մտավախություններ չունե՞ք, որ Սահմանադրության որոշ դրույթներ կարող են կյանքի քննություն չբռնել, այսինքն չլուծել այն խնդիրները, որոնց համար կատարվել են փոփոխությունները: Արդյոք ընտրված ընթացակարգերը կերաշխավորե՞ն արդարացի համակարգ:

Մտավախությունն ամբողջովին չեմ կարող բացառել, միաժամանակ, կանխատեսումներ անելիս, հարկ է հաշվի առնել մի շարք դրական եւ բացասական գործոններ: Իմ համոզմամբ, մենք կարող ենք  արձանագրել հաջողություններ, քանի որ ունենք առավել գիտակից ու կազմակերպված քաղաքացիական հասարակություն, բարձր հանրային իրավագիտակցություն, հայրենասիրության անվիճալի բարձր ցուցիչ, կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների դեմ ողջամիտ պայքար ծավալելու առնչությամբ հանրային իշխանության մարմինների պատրաստակամությունը՝ այս փուլում, թերեւս, հանրության մասնակցությամբ կոնկրետ ռազմավարություն մշակելու եւ իրականացնելու կտրվածքով եւ այլն: Ինչ խոսք, չի զգացվում նաեւ բացասական միտումների պակաս, որոնց մեջ կառանձնացնեի հանրային իշխանության մարմինների ու պաշտոնյաների նկատմամբ ակնհայտ անմխիթար անվստահությունը, սոցիալական որոշ խմբերի մոտ քաղաքական խնդիրները ոչ իրավաչափ ճանապարհով լուծելու եղանակներով հրապուրվելը, միջազգային ոչ այնքան բարենպաստ մթնոլորտը, ընտրակեղծիքների առնչությամբ հանրության մի որոշ հատվածի հանդուրժողականությունը եւ այլն:

Այս բոլոր գործոնները համարժեք հաշվի առնելով է, որ առաջադրել են առանցքային հիմնադրույթներ եւ անվերապահորեն հույս ունենք, որ դրանք կկենսագործվեն:

Հավելեմ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծվել են պետության ինքնիշխանությունն ամրապնդելու շահեկան լծակներ, որոնք ի զորու կլինեն գրեթե բացառելու արտաքին ազդեցությունները: Հիշենք, որ 205-րդ հոդվածով ամրագրված է. «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»: