Ժամանակակից Բելիզի արեւմուտքում՝ Շունանտունիչում, հնագետները շուրջ 5-8 մետր խորությամբ մայաների առաջնորդի դամբարանն են հայտնաբերել: Մարդկային ոսկորների մնացորդներից բացի, այնտեղ նաեւ նեֆրիտ եւ խեցեղեն են հայտնաբերել:
Գիտնականների խոսքով՝ դամբարանի չափսերն ու պարունակությունը վկայում են հուղարկավորվածի կարեւորության մասին: Հայտնաբերված մնացորդների նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հուղարկավորվածը միջին տարիքի տղամարդ է:
Ըստ Telegraf-ի՝ Շունանտունիչում պեղումներ են կատարվում դեռեւս 1890-ական թվականներից: Այս տեղանքը պաշտոնապես մայաների մշակութային հուշարձան է համարվում: Հնագույն քաղաքի տարածքում 25 պալատ եւ տաճար կա, որոնցից ամենահայտնին 40 մետրանոց El Castillo-ն է, ինչպես նաեւ 6 տարբեր հրապարակներ:





























