Միջնադարյան ամրոցի ավերակները, որը, հնարավոր է, պատկանել է բրիտանական էպոսի կենտրոնական եւ ասպետների մասին մեծաթիվ վեպերի հերոս Արթուր թագավորին, հնագետները հայտնաբերել են Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Քորնուոլ կոմսությունում, փոխանցում է The Independent-ը:
Ամրոցի մեկ մետրից ավելի հաստությամբ ավերված պատերը, աստիճանները եւ քարասալարկ հատակը գիտնականները հայտնաբերել են Թինթագել գյուղի մերձակայքում. տեղավայր, որն ավանդաբար կապում են Արթուրի մասին հյուսված լեգենդների հետ: Գիտնականները գտածոները թվագրում են V-VI դարերով եւ կարծում են, որ այնտեղ է գտնվել բրիտանական Դումնոնիա թագավորական տան տիրակալների նստավայրը: Արթուր թագավորի մասին լեգենդները նրա տիրակալությունը հենց այս ժամանակաշրջանին են վերագրում:
Պեղումների վայրում մեծ թվով կերամիկայի եւ ապակու կտորներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ սափորների, որոնցով գինի եւ ձիթապտղի յուղ են տեղափոխել: Դա վկայում է այն մասին, որ ամրոցի բնակիչները պատկանել են հասարակության բարձր դասին:
Պարբերականի տեղեկություններով՝ գտածոն հավանաբար ուժեղ արձագանք կառաջացնի, կներգրավի գիտնականներին եւ դեպի այդ տեսարժան վայր կձգի լայն հասարակությանը:
Բրիտանացիների լեգենդար առաջնորդ Արթուր թագավորը, ըստ ավանդության, ապրել է V-VI դարերում: Մինչ օրս Արթուրի պատմական գոյության ապացույցներ չեն գտնվել: Պատմաբանները վիճում են՝ հերոսն ունեցե՞լ է պատմական կոնկրետ նախատիպ, թե՞ իրենից ներկայացնում է պատմական եւ առասպելական տարբեր կերպարների խառնուրդ:





























