Ֆրանսիական հին իրերի շուկայում գտել են Վերածննդի դարաշրջանի գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրանկարը, որը կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այս մասին գրում է The Guardian–ը: Փորագրանկարը հայտնաբերել է մի անհատ կոլեկցիոներ: Նա մի քանի եվրոյով գնել է «Կույս Մարիամը, որին թագադրել է հրեշտակը» պղնձի վրա փորագրված նկարը, որը ստեղծվել է 1520 թ.: Վաճառականի խոսքով, ինքն այդ նկարը գտել էր հին իրերի մեջ:
Հակառակ կողմում գնորդը տեսել է Շտուտգարդի Պետական պատկերասրահի կնիքը: Հասկանալով փորագրանկարի արժեքը՝ կոլեկցիոները որոշել է վերադարձնել այն օրինական տիրոջը, բայց չի ցանկացել հայտնել իր անունը:
Շտուտգարդի թանգարանի փորձագետ Անետտե Ֆրանկենբերգերը նշել է, որ փորագրանկարը լավ է պահպանվել, հավանաբար այն բանի շնորհիվ, որ տասնամյակներ շարունակ թղթով փաթաթված է պահվել:





























