Նագասակիում 1945 թվականի օգոստոսի 9-ի ատոմային ռմբակոծության 71-րդ տարելիցի առիթով ողբերգության զոհերի հիշատակի արարողությունը մեկնարկել է վերապրածների երգչախմբի ավանդական ելույթով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքի Խաղաղության զբոսայգում «Հիմավարի» («Արեւածաղիկ») երգչախումբը կատարել է «Այլեւս երբեք» երգը Խաղաղության արձանի մոտ, որի ձեռքը ցույց է տալիս երկինքը, որտեղից եկել է 1945-ի սարսափելի ողբերգությունը:
Սպասվում է, որ արարողության ընթացքում Նագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն խաղաղության հռչակագիր կընթերցի՝ կոչ անելով Երկրի երեսից վերացնել միջուկային զենքը: Անցյալ շաբաթ՝ օգոստոսի 6-ին, ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է կայացել նաեւ Հիրոսիմայում:
Իսկ Նագասակիում երգչախմբի ելույթին հետեւել է լռության րոպեն: Հիշատակի արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հյուրեր ավելի քան 50 երկրներից:
Լռության րոպե է հայտարարվել 11:02-ին. հենց այդ ժամին է 21 կիլոտոննա հզորությամբ ատոմային ռումբը պայթել Նագասակիի երկնքում:





























