Չինացի զբոսաշրջիկը երկու շաբաթ իր կամքին հակառակ գտնվել է գերմանական Դյուլմեն քաղաքի փախստականների հանրակացարանում  (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս): Spiegel Online-ը հայտնում է, որ դրա պատճառ է դարձել այն, որ Չինաստանի 31-ամյա բնակիչը, որն օտար լեզուների չի տիրապետել, եկել է Շտուտգարտի ոստիկանություն` դրամապանակի գողության վերաբերյալ հայտարարություն տալու, սակայն բաժանմունքի աշխատակիցները նրան ուղարկել են Հայդելբերգ, որտեղ նրան Գերմանիայում ապաստանի տրամադրման թղթեր են տվել լրացնելու:   

Զբոսաշրջիկին ուղարկել են Դորտմունդում փախստականների առաջնային ընդունման վայր, որտեղ նրանից խլել են օտարերկրյա ուղեւորությունների համար նախատեսված անձնագիրը վիզայով: Դրանից հետո չինացուն, իր ցանկությանը հակառակ, տեղավորել են չգրանցված փախստականներով ավտոբուսում, որը նրանց բոլորին տարել է Դյուլմենում փախստականների համար հանրակացարան:   «Նա ծայրաստիճան անօգնական էր», - պատմել է Կարմիր Խաչի բաժանմունքի աշխատակիցը, որը սպասարկում է հանրակացարանը: Նա նաեւ ընդգծել է, որ չինացին  «լսող» է եղել եւ արել է այն ամենը, ինչ իրեն ասել են:

Սակայն որոշ ժամանակ անց աշխատակիցները հասկացել են, որ այլ փախստականների հետ հանրակացարան հասցված մարդը փորձում է իր վրա ուշադրություն հրավիրել: Դրանից հետո նրանք հրավիրել են տեղացի ռեստորաններից մեկի աշխատակցին, որը թարգմանել է զբոսաշրջիկի խոսքերը:  Պարզ է դարձել, որ Չինաստանի բնակիչը փախստական չէ, այլ զբոսաշրջիկ, որը չէր պատրաստվում ապաստան պահանջել, այլ ցանկանում էր մեկնել Իտալիա եւ Ֆրանսիա: 

Դեպքերի շղթայի վերականգնումը 12 օր է խլել: Կարմիր Խաչի բաժանմունքի աշխատակիցները մի քանի օրվա ընթացքում փորձել են զանգել տարբեր հյուպատոսարաններ, սակայն ոչ մեկը զբոսաշրջիկներին չի ճանաչել որպես  «յուրային»: Լրացուցիչ դժվարություններ է ստեղծել նաեւ այն, որ նրա վիզան սխալով է ձեւակերպված եղել, ինչի կապակցությամբ անհնար է եղել հայտնաբերել նրան տվյալների բազայում: Սակայն ամբողջ իրավիճակի պարզաբանումից եւ զբոսաշրջիկին փաստաթղթեր տրամադրելուց հետո նա կարողացել է շարունակել իր ուղեւորությունը: