Հեռուստատեսության բովանդակությունը չի համապատասխանում «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը:

Նա իր խոսքում նշեց երեք ուղղություն, որոնք կարեւոր է համարում Հայաստանում հեռուստատեսության եւ մեդիա դաշտի կայացման համար:

«Նախ, հեռուստատեսությունների թվայնացումից հետո որոշ մարզային հեռուստաընկերություններ դուրս են մնացել: Հույս ունեինք, որ երկրորդ մասնավոր օպերատորը կստեղծվի, որտեղ կմտնեն այդ մարզային հեռուստատեսությունները, բայց դա տեղի չունեցավ, երեւի գրավիչ ոլորտ չէ:

Երկրորդ շատ ժամանակ հեռուստատեսության բովանդակությունը չի համապատասխանում «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներին: Շատ ժամանակչի կիրառվում հեղինակային իրավունքի պահանջները:Այստեղ մեծ աշխատանք։ ունենք անելու:

Վերջին տարիներին շատ արագ փոխվեց կոմունիկացիոն եւ մեդիա դաշտը: Այն մոդելը, որ եւ Հայաստանը, եւ աշխարհը, առաջնորդվում էր, շատ արագ սպառում է իրեն. նկատի ունեմ ինտերնետի ու լայնաշերտ ձայնատեսային պատկերների սփռման հնարավորությունները այսօր: Այն հեռուստաընկերությունները, որոնց աշխատանքը կարգավորում է հանձնաժողովը, նրանք մոտակա տարիներին կարող են մրցակցությունից դուրս գալ, որովհետեւ ինտերնետն արագ է, կարողանում է բազմաշերտ բովանդակությունը հասցնել սպառողներին: Գովազդային դաշտը սեղմվում է հեռուստաընկերությունների համար, դա նշանակում է, որ նրանք չեն կարողանում ազատ ու անկողմնակալ գործել, որովհետեւ իրենց սեփականատերերի, բիզնես խմբերի ավելի մեծ ազդեցության վերահսկողության տակ են ընկնում»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Երրորդ խնդիրն, ըստ նրա, այն է, որ հեռուստատեսությունը որպես հանրային ֆենոմեն ու գիտելիք, կարեւոր խնդիրներ է լուծում ամբողջ աշխարհում, բայց ցավոք, մեր հեռուստատեսությունը այդ խնդիրները չի լուծում, ինչը առաջացնում է հանրության դժգոհությունը: «Արդյունքում հեռուստատեսությունը չի կատարում հասարակության համախմբման եւ ապագայի տեսլականի ձեւավորման գործառույթը»,-ամփոփեց նա: