2017-ին Երեւանի ՋԷԿ ենթակայանի համար Հայաստանը 1 մլրդ 43 մլն դրամ կհատկացնի: Այս մասին ասված է 2017-ի պետբյուջեի նախագծում:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի նպատակն է բարձրացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը, բարելավել համակարգի կառավարումը և աջակցել բավարար էլեկտրամատակարարում ապահովելուն ուղղված ջանքերին: Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-ին ծրագրված է 1 մլրդ 43 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 672.8 մլն դրամ, համաֆինանսավորում`  370.2 մլն դրամ: 

Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի հիմնանորոգմամբ կկրճատվի Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը: Նախատեսվում է նաև Երևանի ՋԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկման աջակցություն:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում պլանավորվում է իրականացնել նաեւ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման և էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման ծրագիրը:

Աշնակ 220/110/10 կՎ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածների սպառողներին հուսալի էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: Ծրագրով նախատեսվում է վերոհիշյալ ենթակայանի վերակառուցումն ու համակարգի կառավարման բարելավման աշխատանքներ, որոնց արդյունքում կկրճատվեն սարքավորումների տեխնիկական պատճառներով առաջացող խափանումները և կբարելավվի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-ին ծրագրված է 605.9 մլն դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 484.9 մլն. դրամ, համաֆինանսավորում`  121.0 մլն դրամ: