Տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել եք գերակա ուղղություն, սակայն, կարծես թե, ձեռք եք քաշել դրանից, այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարությանը հանդիմանեց պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ ՏՏ ոլորտի աջակցման միջոցառումների համար կառավարությունը 2011 թ. պետական բյուջեում նախատեսել է 80 մլն դրամ (մոտ 220 հազ. դոլար), այնինչ 2009 թ. ՏՏ բյուջեն 200 մլն դրամ էր (մոտ 550 հազ. դոլար): Ըստ Բոստանջյանի` ՏՏ ոլորտի լավագույն «տղերքը» հեռանում են ԱՄՆ: Օրինակ` Microsoft-ը վերջերս հայ լավագույն 20 մասնագետների «քաշեց-տարավ»` նրանց տալով տարեկան 150 հազ. դոլար աշխատավարձ, բնակարան եւ տրանսպորտ:
Ըստ էկոնոմիկայի նախարարի` ՏՏ ոլորտի որոշ հատկացումներ պարզապես բյուջեում արտացոլված չեն: Օրինակ` ԱՄՆ Սիլիկոնային հովտում նախատեսված «Արմթեք» կոնգրեսի ֆինանսավորումը: Բացի այդ` Համաշխարհային բանկի հետ բանակցություններ են տարվում 24 մլն դոլարի վարկ ստանալու ուղղությամբ, որի հետ կլինի նաեւ 6 մլն դոլար համաֆինանսավորում պետական բյուջեից: Այդ գումարների զգալի մասը կուղղվի նորարարությունների խթանմանը:




























