ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են գործակցել ազգային վճարային համակարգերի փոխգործարկման շուրջ: Այս մասին նշվել է նոյեմբերի 7-8-ին Երեւանում ԱՊՀ երկրների ազգային բանկերի եւ վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ժամանակ:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձեւավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության ակտուալության մասին բանաձեւ: Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց եւ այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առեւտրային տերմինալների միջոցով:
Երեւանում կայացել է ԱՊՀ երկրների ազգային վճարային համակարգերի եւ ազգային բանկերի ներկայացուցիչների ու ղեկավարների Աշխատանքային հանդիպում: Միջոցառումը կազմակերպվել է «НСПК» ԲԸ (ռուսական «Мир» վճարային համակարգի օպերատորը) եւ «Արմենիան Քարդ» ՓԲԸ (հայկական «ArCa» վճարային համակարգի օպերատորը) կողմից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ազգային վճարային համակարգերի եւ ազգային բանկերի ներկայացուցիչները:
Աշխատանքային հանդիպումը բացվել է Ռուսաստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների ելույթներով:
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի Ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինա. «Մեր երկրների միջեւ փոխգործակցությունն արդեն վաղուց տարբեր մակարդակներով է իրականացվում՝ թե՛ կենտրոնական բանկերի եւ թե՛ վճարային համակարգերի միջեւ: Շատ կարեւոր է, որ մեր վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում եւ տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին։ Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով կմշակվեն եւ կարձանագրվեն մեր հետագա զարգացման համատեղ քայլերը»:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն իր հերթին նշել է. «Բոլոր այն երկրներում, որոնց ներկայացուցիչներն այսօր այստեղ են, Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի եւ տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են: Այսօր մենք կքննարկենք մեզ համար կարեւոր ծրագրերը, որոնք որոշելու են մեր վճարային համակարգի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին, եւ դրանցում իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ երկրների վճարային համակարգերի հետ գործակցությունը»:
Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի ընթացիկ իրավիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները եւ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցը:
«ArCa» եւ «Мир» վճարային համակարգերի ղեկավարները ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխգործակցման նախագիծը՝ «НСПК» ԲԸ-ի կողմից ներկայացված կազմակերպական եւ տեխնոլոգիական լուծումների հենքի վրա: Միջհամակարգային փոխգործակցության շրջանակում մշակվելու են միասնական կանոններ եւ սակագներ, հաշվարկները տարվելու են ազգային արժույթով, ինչպես նաեւ ընդլայնվելու է քարտերի ընդունման ենթակառուցվածքը:
«НСПК» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւ. «Աշխատանքային հանդիպման մասնակիցների վճարային համակարգերից յուրաքանչյուրը զարգանում է իր նախանշած ուղղությամբ, բայց եւ այնպես մենք ունենք ընդհանուր նպատակներ ու խնդիրներ: Վստահ եմ, որ մեր պետությունների վճարային համակարգերի միջեւ փոխգործակցությունը մեզ թույլ կտա փոխանակվել սեփական մշակումներով, համատեղ լուծել բոլորի համար կարեւոր այնպիսի հարցեր, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, դրամաշրջանառության ավելացումը եւ շատ այլ հարցեր։ Դա հնարավորություն կտա գտնել վճարային համակարգերը զարգացնելու ընդհանուր ուղի եւ որոշել հետագա գործակցության ծրագրերը, որոնք օգտակար եւ շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյան. «2016 թ-ի ամռանը մեր վճարային համակարգերի միջեւ ստորագրվել էր գործակցության հուշագիր: Այս պահին, մենք խոսքից ու պլանավորումից անցնում ենք գործողությունների: Այսօրվա հանդիպմանը, որը դարձավ փոխգործակցության տրամաբանական շարունակությունը, մենք արդեն կարող ենք ներկայացնել մեր՝ «ArCa» եւ «Միր» վճարային համակարգերի համատեղ աշխատանքը, որի արդյունքները ամփոփվել են ճանապարհային քարտեզում»:
Աշխատանքային հանդիպման շրջանակում ընդունվել է Ճանապարհային քարտեզ, որի համաձայն մինչեւ 2017 թ. կեսը կավարտվի տեխնիկական համապատասխանեցումը եւ «Мир» ու «ArCa» վճարային համակարգերի քարտերի փոխընդունումը մասնակիցների ենթակառուցվածքներում:
Աշխատանքային հանդիպման բոլոր մասնակիցների երկօրյա հագեցած աշխատանքի արդյունքներով ընդունվել է միասնական տեխնոլոգիական եւ ֆինանսական սկզբունքների օգտագործմամբ վճարային ենթակառուցվածքների միավորման անհրաժեշտության մասին բանաձեւը, որի նպատակը ազգային վճարային համակարգերի առավելագույնս արդյունավետ զարգացումն է եւ ընդհանուր վճարային տարածքի ձեւավորումը: Հանդիպման մասնակիցները նաեւ անհրաժեշտ են համարել մշակել վճարային քարտերի ազգային համակարգերի փոխգործակցության կազմակերպական-իրավական, այդ թվում՝ միջերկրային հաշվարկներն ազգային արժույթներով կազմակերպելու հարցերը:
Ի թիվս այլ հարցերի, հանդիպմանը քննարկվել են նաեւ անվտանգության, շահագրգիռ իրավական եւ տեխնիկածրագրային լուծումներին առնչվող հարցեր:



























