Վարդենիսում 12 տարի առաջ 16-ամյա աղջկա սպանության գործը բեկանվելուց 5 ամիս անց վերջապես ուղարկվեց առաջին ատյանի դատարան։
Գործը քննվելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը դեռեւս այս տարվա հունիսի 24-ին էր բեկանել Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված Նալբանդյանների մեղադրական դատավճիռները։ Վճռաբեկն այսքան տարի անց վերաբացման վարույթ էր սկսել, քանի որ 2015թ․-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ խախտվել են ամբաստանյալներ Նարինե եւ Բագրատ Նալբանդյանների իրավունքները:
Հիշեցնենք, որ դեռեւս 2005թ․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված էր համարել, որ 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: Դատարանի որոշմամբ՝ Նարինե Նալբանդյանը դատապարտվել էր 14, իսկ Բագրատ Նալբանդյանը՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը 2006թ․-ին դիմել էր ՄԻԵԴ։ 2015թ․-ին ստացվել էր ՄԻԵԴ վճիռը, որի համաձայն՝ խախտվել են ամբաստանյալներ Նարինե եւ Բագրատ Նալբանդյանների իրավունքները։ Ավելին, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանի Հանրապետությանը 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:


























