Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված երիտասարդների հարազատներն իրենց վերջին հույսը կապում են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Կառավարության դիմաց NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան։
«Մենք բազմիցս եղել ենք Նախագահական նստավայրի դիմաց, մեզ բազմաթիվ խոստումներ են տվել, բայց այդպես էլ ոչ մի արդյունք չի եղել։ Այսօր եկել ենք Կառավարության դիմաց, որովհետեւ մեր վերջին հույսը նորանշանակ վարչապետն է։ Տեսնում ենք, որ նա ինչ-որ քայլեր անում է ինչ-որ փոփոխությունների համար»,- ասաց տիկին Լալան։
Սարիթաղցիների հարազատները պահանջում են, որ նշանակված դատական նիստերը չհետաձգվեն՝ անհիմն պատճառաբանություններով․ «Երեկ նորից նրանց դատական նիստն էր Էրեբունիի դատարանում ու նորից նիստը հետաձգեցին։ Ինչքան նիստերը հետաձգում ենք, այնքան մեր հարազատներն ավելի երկար են մնում անազատության մեջ։ Պահանջում ենք, որ հետեւողական լինեն եւ նիստերը նորմալ կարգով կայանան»։
Տիկին Լալայի խոսքով, ամուսնու կալանավորումից հետո ինքն ու իր անչափահաս երեխան ապրում են սոցիալական ծանր պայմաններում, քանդված տանը եւ այս եղանակին չջեռուցվող սենյակներում։
Հիշեցնենք, որ ըտ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։




























