ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվել է աշխատանքի վայրում, իրեն է զանգահարել դուստրը՝ Մարի Հ.-ն, եւ հայտնել, որ իրենց տան պատուհանը բաց է, իսկ տան իրերը` ամբողջությամբ խառնված: Ինքը զանգահարել է ՀՀ ոստիկանություն եւ հաղորդել կատարվածի մասին: Դեպքից քիչ անց ինքը գնացել է տուն եւ նկատել, որ տնից բացակայում են ոսկյա եւ արծաթյա զարդեր, կանխիկ գումար:

Ահազանգով իրենց տուն եկած ոստիկանության աշխատակիցները խոստացել են գտնել գողություն կատարած անձանց եւ խնդրել են իրեն հանցագործության մասին հաղորդում տալու փոխարեն, արձանագրության մեջ նշել, թե, իբր, տան խառնաշփոթ վիճակն առաջացրել է դուստրը, ինչն էլ ինքը կատարել է, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, դեպքին օրինական ընթացք չեն տվել:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն: