Մենք այսօր այն վիճակում ենք, որ ժամանակ չունենք հետ նայելու, պիտի առաջ նայենք, շատ կարճ ժամանակում մշակենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, եւ օր առ օր արդյունքներ ունենանք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, դասախոսներ եւ ուսանողներ:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր խոսքում կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթության որակի եւ արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ գիտական մտքի օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական ծրագրերի մշակման գործում:
«Մենք այսօր այն վիճակում ենք, որ ժամանակ չունենք հետ նայելու, պիտի առաջ նայենք, շատ կարճ ժամանակում մշակենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, եւ օր առ օր արդյունքներ ունենանք: Սակայն առանց մասնագիտական ներուժի չենք կարող գյուղատնտեսության ոլորտում լուրջ առաջընթաց ակնկալել: Ամեն ինչ սկսվում է կրթությունից, եւ մենք պետք է այն հասցնենք առավել բարձր մակարդակի, ժամանակի պահանջներին բավարարող արդյունքների, որպեսզի այս համալսարանից դուրս գան մասնագետներ, որոնց արտադրողները ձեռքից ձեռք խլեն»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարն անդրադարձել է նաեւ այս հարցում մասնավոր հատվածի ներգրավմանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել պետություն-կրթական հաստատություն-մասնավոր հատված եռանկյունու շրջանակում արդյունավետ գործակցության ծավալմանը:
Իգնատի Առաքելյանը հավելել է, որ ինքը մշտապես բաց է քննարկելու ցանկացած առաջարկ, ինչպես նաեւ աջակցել ուսանողների արտադրական պրակտիկանների անցկացմանը:
Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր ելույթում նույնպես կարեւորել է գյուղատնտեսության զարգացման համար նախատեսվող ծրագրերի իրականացման գործում համապատասխան որակավորման կադրերի առկայությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիների ընթացքում համալսարանում բարենպաստ նախադրյալներ են ստեղծվել բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերի պատրաստման եւ միջազգային կապերի բարելավման ու ընդլայնման համար:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես խորհրդատվական համակարգերի բարելավմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության մասին օրենքի մշակմանը:
Նախարարը կարեւորել է բարձրացված խնդիրները եւ հավաստիացրել, որ ՀԱԱՀ գիտնականների օգնությամբ դրանց համապատասխան ընթացք կտրվի:





























