Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել հուլիսի 25-ին, հետազոտվել էր, որի արդյունքներն այնուհետեւ բարձրացրել ենք բժշկուհի Անի Բաբելյանին, որն այդ պահին վիրահատության էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, Երեւանի Շենգավիթ վարչական դատարանում ասաց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը:
«Երբ Անի Բաբելյանն իջավ, Մերի Մարգարյանն ու ընտանիքի անդամներն այնտեղ չէին, գնացել էին»,- ասաց բուժքույրը:
Նինա Զոհրաբյանի պնդմամբ, Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել ուրախ տրամադրությամբ, իրեն ասել էր, որ «գրիպոզ վիճակ էր», ինքն էլ ջերմությունը չափել էր, բարձր չէր: Կոնկրետ ինչ գանգատներ է հղին ունեցել, բուժքույրը չի հիշում. դա բժշկուհու իրավասության դաշտում է, ոչ թե իր:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին` ում ցուցումով են հետազոտել Մերի Մարգարյանին եւ կոնկրետ ինչ անալիզներ են վերցվել, վկան պատասխանեց. «Շուշանիկ Բախշյանը հեռախոսով ասաց` հետազոտեք, Անի Բաբելյանն էլ վիրահատարանից ասաց, որ անալիզներ վերցնենք»:
Պատասխանը փաստաբանին զարմացրեց` ինչպե՞ս է հնարավոր հիվանդին առանց անձամբ տեսնելու որոշել, թե ինչ անալիզներ պետք է վերցվեն:
Թե ինչու էր բուժքույրը որոշել, որ հենց Անի Բաբելյանը պետք է հետազոտեր Մերի Մարգարյանին, եթե նա վիրահատության է եղել, Նինա Զոհրաբյանը հստակ պատասխան չտվեց. «Պատասխանատուն Անի Բաբելյանն էր, դրա համար տարա իր մոտ, մյուս հերթապահ բժշկուհին բաժանմունքում էր... ծնարանում էր, ծնունդ էր ընդունում: Դրա համար Անի Բաբելյանին տվեցի հետազոտման եզրակացությունները ու իջա ներքեւ»,- նշեց Նինա Զոհրաբյանը:
Մարինե Թովմասյանի դիտարկմանը` հետազոտման արդյունքների բնօրինակները Մերի Մարգարյանի մոտ են եղել, վկան նշեց, որ այդ մասին ինքը ոչինչ չգիտի: Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես որոշվեց, որ Մերի Մարգարյանը պետք է տուն գնա:
Նշենք, որ վկան դատարանում պնդեց նաեւ, որ Անի Բաբելյանը վիրահատության գնալուց առաջ տեսել է Մերի Մարգարյանին: Ի դեպ, Մարգարյանի հարազատները հակառակ են պատմում. Բաբելյանը չի իջել:
Դատավոր Դավիթ Բալայանը հետաքրքրվեց` ինչ են խոսել հղին ու բժշկուհին, վկան չգիտեր. ինքն այնտեղ չի եղել, սակայն տեսել է, որ սենյակում խոսում են իրար հետ:
Բալայանին զարմացրեց նաեւ վկայի այն խոսքերը, որ Մերի Մարգարյանն ու հարազատներն առանց հետազոտության արդյունքներն իմանալու հեռացել են:
«Տրամաբանությունը չեմ հասկանում, ոնց կարող է մարդը գա հիվանդանոց ու առանց հետազոտությունների արդյունքներն իմանալու հեռանա: Դուք ասում եք, որ անալիզների պատասխանները տվել եք Անի Բաբելյանին, իսկ բնօրինակը Մերի Մարգարյանի մոտ է»,- ասաց դատավորը, ինչին վկան կրկին հստակ պատասխան չտվեց. «Ես չեմ պատճենել պատասխանները ու այդ թղթերը տվել եմ Անի Բաբելյանին»:
Մերի Մարգարյանի հայրը դատարանում հայտարարեց, որ Նինա Զոհրաբյանն ինքն է անձամբ փաստաթղթերն իրեն հանձնել:
«Ես խնդրեցի, որ պառկացնեն, բայց Նինա Զոհրաբյանն ասաց, որ բժշկուհին ասել է` պաթոլոգիա չկա, կապվեք ձեր հսկող բժշկի հետ»,- ասաց Վաղինակ Մարգարյանը, ինչին վկան որեւէ կերպ չարձագանքեց:
Նշենք, որ ծննդկանի եւ նորածին դստեր մահվան գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այժմ նշանակված է եւս մեկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք «Շենգավիթի» բուժաշխատողներից էլի կան այնպիսիք, որոնք մեղավորություն ունեն կատարվածի համար:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:



























