ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները:

«Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, ինչը շատ բարձր է գնահատվում ՀՀ կառավարության կողմից: Այնուամենայնիվ, ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ, որոնց լուծման համար մենք ակնկալում ենք ձեր օժանդակությունը», - ողջունելով հյուրերին նշել է նախարար Առաքելյանը:

Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է շարունակել աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել այն ուղղությունները, որոնցում հայկական կողմն առավել նպատակահարմար է գտնում փոխգործակցել` ելնելով երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններից եւ գերակա խնդիրներից:

Ագրարային ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, առանձնացրել է գյուղատնտեսության վերավարկավորման, կոոպերացիայի զարգացման, սուբսիդավորման ծրագրերի, իսկ վերամշակող ճյուղում` մթերման գործընթացի բարելավման հարցերը:

Նախարարը կարեւորել է նաեւ անասնապահության ոլորտի զարգացումը, ինչը կնպաստի արտադրանքի ծավալների, ինչպես նաեւ ֆերմերների եկամուտների ավելացմանը:

Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ  ներկայացված առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն եւ հնարավորության դեպքում կներառվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում հայկական կողմին կտրամադրվի նաեւ խորհրդատվական ծառայություն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: