ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Եմենում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել արդեն նոյեմբերի 17-ից «այն պայմանով, որ յուրաքանչյուրը կկատարի պարտականությունների իր մասը», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Զինված խռովարար հութիները ու Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական դաշինքը պայմանավորվել են աջակցել հակամարտության կարգավորման ջանքրին՝ Եմենում այս տարեվերջին ազգային միասնականության նոր կառավարություն ստեղծելու մասին շրջանակային համաձայնագրի հիման վրա։

Քերրիի նախաձեռնությամբ մշակված ճանապարհային քարտեզը նախատեսում է, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին կարող է իշխանությունը փոխանցել իր տեղակալներից մեկին, որի թեկնածությունը կարժանանա ընդդիմության հավանությանը։ Ի պատասխան՝ խռովարարները պետք է իրենց ուժերը հանեն երկրի կարեւորագույն քաղաքներից։

Ավարտելով իր այցը Միացյալ Արաբական Էմիրություններ՝ Ջոն Քերրին հույս է հայտնել, որ նոր համաձայնագիրը ուժի մեջ կմտնի ու կդառնա շրջադարձային պահ ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցություններում։