People in Need-ն ու ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան Եվրոպական Հանձնաժողովի եւ Չեխիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում են Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական մրցույթ:
Մրցույթը նպատակ ունի միավորել Երեւանի եւ մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների (մեկնողների եւ հետ վերադարձողների) լուսաբանման շուրջ եւ խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2010 թվականի հունվարից մինչեւ 2010 թվականի նոյեմբերը միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ եւ ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ:
Ոլորտի մասնագետներից եւ լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաեւ վկայականներ եւ դրամական պարգեւներ:
1-ին տեղ`180 հազար դրամ,
2-րդ տեղ` 90 հազար դրամ,
3-րդ տեղ` 45 հազար դրամ:
Ընտրության չափանիշներն են`
Հոդվածները, հեռուստա եւ ռադիոհաղորդումները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2010 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Նյութերը պետք է ներառեն 350- 500 բառ: Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան եւ հեղինակային մոտեցումը:
Ընտրված թեման պետք է լինի սպառիչ եւ հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
Նյութերում տեղ գտած տեղեկատվությունը պետք է լինի ստույգ եւ հիմնված իրական փաստերի վրա:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը եւ այն նյութի հետ ներկայացնել ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա (հասցե` ք. Երեւան, Իսրաելյան 39/2, I-ին հարկ): Հայտի ձեւը կարող եք գտնել նաեւ www.migrant.am, www.media.am եւ www.jnews.am ինտերնետային կայքերում:
Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետեւյալ էլ.փոստի հասցեով` [email protected]:
Դիմումի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2010 թվականի նոյեմբերի 10-ն է (մինչեւ ժամը 18:00-ը): Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2010 թվականի դեկտեմբերի 18-ին` միգրանտների միջազգային օրը:




























