Չինաստանը դարձյալ շահագրգիռ կողմերին կոչ է արել հաշվի առնել չինական կողմի օրինաչափ մտահոգությունը եւ կասեցնել Կորեայում հակահրթիռային պաշտպանության THAAD  համակարգի տեղակայման գործընթացը: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Ամերիկյան THAAD համակարգի տեղակայումը լրջորեն կխախտի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը եւ վնաս կհասցնի Չինաստանի եւ տարածաշրջանի մյուս երկրների ռազմավարական ոլորտի շահերին: Դա հակասում է Կորեական թերակղզում խաղաղության եւ կայունության պահպանման ջանքերին»,- նշել է դիվանագետը:

Չինաստանը քանիցս իր մտահոգությունն ու առարկությունն է հայտնել THAAD-ի տեղակայման դեմ եւ մտադիր է ազգային անվտանգության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներ կիրառել, ընդգծել է Գեն Շուանը: